Սրբազանի առաջնորդած շարժման տապալումից ամենաշատը պետք է վախենա ՔՊ-ն․ Վահե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

573ef2c48ff9975f89f7ea7b0b4ebefe_M

Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն։ Այ, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից։ Հիմա նրանք պաշտպանվում են՝ իրենց հայտարարելով «Նիկոլի զինվորներ»։ Որ պատկերացնեք, թե քանի՜ նման «զինվորներ» են եղել աղետաբեր ռեժիմներում։ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման խաղաղասիրական և հումանիստական բնույթը ենթադրում է վենդետաների ու հաշվեհարդարների ԲԱՑԱՌՈՒՄ։ ՔՊ-ն պետք է սրա մասին մտածի ու օգտվի այս պատմական շանսից։ ՔՊ-ն պետք է վախենա ոչ թե խաղաղ իշխանափոխության հաջողությունից, այլ՝ դրա տապալումից։

Որն է այս շարժման միավորող ուժը

Թափանիվի հիմքում Ճշմարտության արշավն է, ու սրանով մարդկանց շատ ավելի լայն շրջանակների համար է պրոցեսը բացվում ու դառնում ներառական։ Իշխանությունները սա ֆիքսել են։ Ձևավորվում է կայուն կորիզ, որն օրեցօր քաշում է նոր շրջանակներ։

Տարբեր ընտրազանգվածների մարդիկ ուզում են դուրս գալ կեղծիքի ու կիսաանասունի հոգեվիճակից, ուզում են մաքրվել, լինել սովորական մարդ։  Սրան իշխանությունը հակադրում է.

1.     Բերետավորներ

2.     Կեղծ իդեաներ՝ ռուսական պատվեր, արևմտյան պատվեր, նախկիններ  և այլն։

Կարմիր բերետավոր իշխանությունը

Կարմիր բերետն իրականում ոստիկանի գլխին չի հագցրած, եթե նույնիսկ նա է  հարձակվում, ջարդում խաղաղ քաղաքացուն։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Կարմիր բերետը հագցրած է կառավարության շենքին։ «Արյան գետերի» մոլուցքը այս իշխանության կենսափիլիսոփայությունն է, և հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելու ու Երևանի կենտրոնում ենիչերու նման իրենց պահելը նույն տրամաբանության մեջ են, ոչ մի տարբերություն։ Արյան գետը պետք էր կանգնեցնել դեռ 2020-ին։ Չարվեց։

Կարմիր բերետը իրականում այլ ժամանակներում չափազանց պատվաբեր բան է։ Կան տասյակ կարմիր բերետ ստացած սպաներ, ովքեր Հայաստանի համար ժամանակին արել են չափազանց կարևոր գործեր, որոնց մի մասը պետական  գաղտնիք է։ Այսօր այդ բերետն այլասերում է ոչ թե ոստիկանի գլուխը, որին այն հագցված է, այլ՝ իշխանության որակը, որի գլխին այդ կարմիրն արդեն ոչ թե պատվի արյուն է, այլ՝ իշխանություն պահելու միջոց։

Բայց մենք միակ երկիրը չենք, որ այս թեմային առնչվում ենք։ Կա ուսուցողական պատմություն, թե ինչպես են ուկրաինական Բերկուտի ծառայողները ծնկաչոք ներողություն խնդրում իրենց հասարակությունից՝ անասնական պահվածքի համար։ Նման մի բան եղել է Վրաստանում։

Ռուսակա՞ն, թե՞ արևմտյան հեղափոխություն

Հայաստանում թափ առնող շարժումը սկսել է իր աջակցության երթը Արևմուտքի հայկական խոշոր համայքներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Հունաստան և այլն։ Երեկվանից աջակցության խոշոր արշավ սկսվեց Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ՝ Ռուսաստանով մեկ։ Սա նշանակում է, որ իշխանության մյուս պաշտպանական մեխանիզմը նույնպես ջարդվում է. Սրբազան շարժումը ստանում է համահայկական բնույթ, և հայկական աշխարհի զարթոնքը սկսվում է։  Վստահ եղեք՝ ևս մի կարճ փուլ և Հայաստանյան պրոցեսները ողջունելու են թե´ պաշտոնական  Արևմուտքը, թե´ Ռուսաստանը։ Այսպիսին է միջազգային խաղի կանոնը, ողջունում են ուժեղին։

Սա քաղաքական պրոցես չէ, որ ստացվի կամ տապալվի։ Ինձ ճիշտ հասկացեք, ես ուզում եմ, որ շարժման թափ հավաքելու պրոցեսը նույնիսկ մի փոքր երկարի։ «Ճշմարտության շարժումը» հանրային քավարան է։ Մենք դարձել էին փողի մեռած, գույքի գերի էլիտաներով ժողովուրդ, վախկոտ, կուչ եկած, աներազանք հասարակություն։ Ու թանկ գինն արդեն վճարել ենք։ Մենք թափ առնող պրոցեսով պետք է անցնենք մաքրման դժվար փուլ ու առողջացած վիճակում մեզ ծանր հարցեր տանք՝ ինչպես ստացվեց այսպես։ Ու էդ հարցերը ուղղված չեն լինելու միայն այս իշխանությանը։ Պետք է պատասխանենք կարևոր հարցերի. ինչո՞ւայսպես եղավ, ինչո՞ւ 30-ամյա երրորդհանրապետությունը փլուզվեց այսքան արագ ու ողբերգականորեն։ Ու մեր վերականգնումը պետք սկսվի արդարության սկզբունքի վրա։ Սա շատ կարևոր պահ է։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

--00—ՅՄ