Թուրքիայում ռազմական հեղաշրջո՞ւմ են պլանավորում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

photo_2024-05-15_10-48-35

Մայիսի 15-ի գիշերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապ նախագահական նստավայր է կանչել Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընին և Արդարադատության նախարար Յըլմազ Թունչին:

Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ հրատապ հանդիպումը կապված է եղել վերջին օրերին թուրքական ոստիկանական համակարգի վերին օղակներում ձևավորվող հեղափոխական միտումների հետ: Ավելին, պնդումների համաձայն, հանդիպումը հրավիրվել է այն բանից հետո, երբ Էրդողանին հայտնել են, որ հնարավոր է ռազմական հեղաշրջման փորձ իրականացվի Թուրքիայում:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ կանխարգելիչ քայլեր իրականացնելու վերաբերյալ հարցեր: Տեղեկություններ կան, որ Էրդողանը թեմայի վերաբերյալ պատրաստվում է ավելի ընդլայնված կազմով քննարկումներ ունենալ մայիսի 15-ին:

Թուրք լրագրող Զիյա Օսման Աչըքելը X-ում կատարած գրառմամբ ևս անդրադարձել է թեմային և պնդել, որ Էրդողանը հրատապ հանդիպում է իրականացրել նախագահականում: «Անկարայում ինչ-որ բաներ են տեղի ունենում»,-հավելել է նա:

Նշենք, որ վերջերս թուրքական կառավարության համար անհանգստացնող խմորումների մասին խոսել էր նաև իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության նախագահ Դեվլևթ Բահչելին:

«Եթե մենք ենթարկվենք նրանց, ովքեր ծրագրում են կրկնել հեղաշրջման փորձը ոստիկանական և դատական ​​համակարգում ունեցած իրենց 17-ից 25 հոգու հասնող համախոհների հետ, ապա ամո՛թ մեզ»,-ասել էր նա:

Հայտարարությունը հաջորդել էր մի շարք բարձրաստիճան ոստիկանների տներում խուզարություններ անելու և աշխատանքից ազատելու դեպքերին:  Նրանք մեղադրվել են Թուրքիայի կողմից հանցագործ կազմակերպություն ճանաչված «Ayhan Bora Kaplan»-ի հետ համագործակցելու մեջ:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ