Նույնիսկ աներևակայելի դաժան իրավիճակում անդամահատվող Արցախը շարունակում է ապրելու լուռ պայքարը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ֆ

ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. 

«Թիկունքից ծանր հարված ստացած, անդամահատված, կաթվածահար եղած Արցախի երիտասարդ Հանրապետության անկախության 31-ամյա պայքարը վտանգված է: Սակայն նույնիսկ այդ վիճակում Արցախի Հանրապետությունը կյանք է տալիս և երկարակեցություն է հաղորդում Հայաստանի Հանրապետությանը:

Մեր ժողովուրդը գիտակցում է, որ չլինի Արցախը, կարճ ժամանակ հետո չի լինելու նաև Հայաստանն ու հայությունը:

Եթե 1988թ-ին չսկսվեր Արցախյան շարժումը և ազատամարտը` այսօր Հայաստանի Հանրապետության բնակչության 40%-ից ավելին լինելու էին թուրքերն ու ադրբեջանցիները` իրենց պատգամավորներով, բիզնեսներով, սեփականությունով, դպրոցներով, ԲՈւՀ-երով, մզկիթներով ու համայնքների ղեկավարներով:

Արցախը Հայ ժողովրդին տվել է Ազգային Բանակ և անվտանգություն ունենալու իրավունք: Արցախը հայ ժողովրդին տվել էր համաշխարհային քաղաքականության մեջ ակտիվ ներգրավվելու հնարավորություն: Արցախի Հանրապետությունը Հայ ժողովրդին դարձրել էր լրջագույն գործոն Հարավային Կովկասում: Արցախը հայությանը տվել էր համաշխարհային հարգանք: Արցախն այն գլխավոր պատճառն է, որի շուրջ աշխարհասփյուռ հայությունը միավորված էր և ուժեղ: Արցախը միշտ եղել և լինելու է մեր անբաժանելի Հայրենիքի մասը:

2018թ-ից սկսված դավաճանությունը, թշնամությունը, տգիտությունը, պոպուլիզմն ու պառակտումները ծանր հարվածներ հասցրեցին Արցախի և Հայաստանի Հանրապետություններին:

Բայց նույնիսկ այսօրվա աներևակայելի դաժան իրավիճակում անդամահատվող Արցախը, վերքերից չապաքինված, ատամները սեղմած շարունակում է ապրելու լուռ պայքարը: Հանձնվել չի լինելու և ի հեճուկս նիկոլների, ալիևների ու նրանց մանկլավիկների` Արցախի Հանրապետությունն ապրելու է: Թրքահպատակ Նիկոլն ու դրանց հայկական ստրուկները հեռացվելու են իշխանությունից և պատասխանատվություն են կրելու Արցախը թշնամուն փոխանցելու դավաճանական քաղաքականության համար:

Արցախում վերածնունդ լինելու է: Շուտով ողջ հայությունը և, առաջին հերթին, արցախահայությունը կրկին միավորվելու են Արցախը հայկական պահելու, զարգացնելու, կորցրածը վերականգնելու և արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար:

Անկախության տոնը Արցախի Հանրապետությունում կրկին նշվելու է: Արցախի ազատության համար, հայ ժողովուրդը 31 տարի շարունակ տվել է իր ամենաթանկը: Արցախը միշտ պետք է լինի կանգուն` հանուն Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայ ժողովրդի: 

Հավերժ փառք և անմար հիշատակ հերոսացած հայ Զինվորներին, ովքեր իրենց արյամբ ավելի են սրբացրել հայկական Արցախն ու նրա վերածնունդը: 

Մեր պայքարն արդար է և հաղթանակը մերն է լինելու:»։

--00—ԱՊ