Չեմ կարծում՝ ռուսական ԶԼՄ-ներում հակահայկական հռետորաբանություն կա․ ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

Չեմ կարող ասել, որ հետևում եմ ռուսական հեռուստաալիքների բոլոր հաղորդումներին, բայց չեմ կարծում, որ կարելի է խոսել հակահայկական հռետորաբանության մասին։ Կարող են հնչել ինչ-որ կարծիքներ, գնահատականներ, որոնք առանձին մարդկանց գնահատականներն են։ Այս մասին ԱԺ այգում հայ-ռուսական բարեկամության ծառուղու բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով խորհրդարանում հնչած տեսակետին, որ հակահայկական շեշտադրումներ թույլ տված որոշ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում պետք է դադարեցնել։

«Ինչ վերաբերում է ռուսական ԶԼՄ-ներում հայկական թեմատիկայի լուսաբանմանը՝ ընդհանրապես, կարծում եմ՝ այն հակահայկական ոչ մի կերպ չես անվանի։ Դա չէր էլ համապատասխանի ռուս հեռուստադիտողի սպասումներին, քանի որ ռուսական հասարակությունում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը ավանդաբար շատ լավն է։ Հայերը մեծ դեր են խաղում ռուսական հասարակությունում։ Կարծում եմ՝ սա հարց է պատգամավորներին, նրանք իրավունք ունեն հնչեցնելու այն գնահատականները, որոնք անհրաժեշտ են համարում։ Ես էլ տվյալ դեպքում արտահայտում եմ իմ կարծիքը», - ասաց Սերգեյ Կոպիրկինը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ կոռեկտության կոչ էր արել Հայաստանի տարածքում հեռարձակվող ռուսական լրատվամիջոցներին։