Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը. ԱԺ-ում հանրային քննարկում է եղել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

l-0x68wh-800x466z-0.9825

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մշակվել է արդարադատության նախարարության, ինչպես նաև «Ֆրիդոմ հաուս» (Freedom House) իրավապաշտպան հասարակական կազմակերպության մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ապրիլի 29-ին կայացած քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղհասարակության ներկայացուցիչներ:

Նախաձեռնությամբ մեր երկրում ներդրվում է զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման գործուն համակարգ, ինչը հնարավորություն կտա խթանել էթիկական չափանիշների պահպանումը` դրանով բարձրացնելով լրատվամիջոցների նկատմամբ հասարակության վստահությունը:

«Համակարգի մասին շատ են խոսել տարբեր միջազգային կառույցներ, այդ թվում` Եվրոպայի խորհուրդը, որը պարբերաբար մեր երկրում իրականացնում է մեդիաոլորտի գնահատում: ԵԽ-ն նշել է, որ Հայաստանում անհրաժեշտ է ներդնել ԶԼՄ-ների ինքնակարգավորման օրենսդրական ճանաչման մեխանիզմը»,- ներկայացնելով նախաձեռնությամբ առաջարկվող հիմնական փոփոխությունները` ասել է ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը:

Օրենքով ԶԼՄ-ներին չի պարտադրվելու ինքնակարգավորվել կամ մաս դառնալ ինքնակարգավորվող որևէ կառույցի, սակայն խրախուսելի է լինելու համակարգին միանալը: Նշվել է, որ ինքնակարգավորման մեխանիզմին միացած և չմիացած լրատվական գործունեություն իրականացնողներն ունենալու են նույն իրավունքներն ու պարտականությունները, բայց ոչ նույն հնարավորությունները:

«Ի վերջո, հանրությունն ունենալու է հրապարակային ռեեստր, որտեղ բոլորս տեսնելու ենք, թե որ ԶԼՄ-ներն են, որոնք պատրաստ են եղել անցնելու այդ ճանապարհով` միանալու այս կամ այն ճանաչված ինքնակարգավորման մարմնին կամ ապագայում` մեդիախորհրդին: Մաս դառնալով այդ բարեփոխումներին` տվյալ ԶԼՄ-ն ցույց է տալու, որ պատրաստ է կրելու հանրային սոցիալական պատասխանատվություն և դառնալու ինքնակարգավորման համակարգի մի մաս»,- նշել է Տիգրան Դադունցը:

Նրա խոսքով՝ նախաձեռնությամբ փորձ է արվում վերանայել ԶԼՄ-ների վերաբերյալ «ավանդական» հասկացությունները և դրանք համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Ըստ զեկուցողի` մանրամասն սահմանվել են ԶԼՄ միջոց համարվելու հատկանիշները, ներդրվել է լրատվական գործունեություն իրականացնելու մտադրության գաղափարը: «Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրեն համարում է լրատվական գործունեություն իրականացնող, պետք է ցույց տա այդ գործունեությամբ զբաղվելու մտադրությունը, որը կարող է արտահայտվել տարբեր ձևով»,- ընդգծել է բանախոսը:

Խոսելով Մեդիախորհրդի ձևավորման մասին` նշվել է, որ այն կազմված է լինելու ինքնակարգավորման մարմինների կամավոր միավորումից: Զեկուցողի խոսքով՝ Մեդիախորհուրդը կլինի ինքնակարգավորվող, անկախ և ոչ առևտրային կազմակերպություն:

Նշվել է, որ ՀՀ Կառավարությունը կփորձի ոլորտում իրականացվող բարեփոխումների շուրջ համախմբել միջազգային գործընկերներին:

Զեկուցողը պատասխանել է քննարկման մասնակիցների` առաջարկվող փոփոխությունների, մեդիախորհրդի ձևավորմանն ու գործունեությանը, վերջինիս տրվելիք արտոնություններին, հեղինակային իրավունքի խախտումների մասով Մեդիախորհդի կողմից ԶԼՄ-ների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման հնարավորությանը վերաբերող հարցերին:

Կարևորելով ոլորտում կատարվող փոփոխությունները` գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ նախաձեռնությունն ընդունելի է թե՛ գործադիրի, թե՛ օրենսդիրի և թե՛ քաղհասարակության կողմից:

Նախաձեռնությունը լրամշակվելուց հետո կքննարկվի Կառավարության նիստում:

--00—ՅՄ