Քննիչները զարգացրել են հմտությունները ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

photo_2024-05-03_15-07-15

ՀՀ քննչական կոմիտեի մի խումբ քննիչների հանձնվեցին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից անցկացված «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ HELP առցանց դասընթացի մասնակցության վկայագրերը։

Դասընթացը, որին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների՝ կանանց նկատմամբ և ընտանեկան բռնությունների դեպքերով նախաքննություն կատարող մի խումբ քննիչներ, ուղղված է եղել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի շրջանակներում մասնակիցների կարողություններն ուժեղացնելուն, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի ոլորտում համագործակցության զարգացմանը:

Դասընթացի շրջանակներում մասնակիցները զարգացրել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեպքերին արագ և արդյունավետ արձագանքելու, տուժողներին և ենթադրյալ հանցագործներին հարցաքննելու եղանակների վերաբերյալ հմտությունները:

Վկայագրերը քննիչներին հանձնել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը։

Արսեն Այվազյանը կարևորել է նմանատիպ ծրագրերի իրականացումը քննիչների մասնագիտական կարողությունների զարգացման առումով և ընդգծել է, որ ընտանեկան բռնությունների դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև ոլորտային օրենսդրության կատարելագործման արդյունքում աճել են նման բռնություններից տուժող անձանց կողմից իրավապահ մարմիններին դիմելու, այսինքն՝ պետության պաշտպանությանն ապավինելու դեպքերը։

Տիկին Ամիրբեկյանը գոհունակություն է հայտնել ծրագրի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցության առթիվ և հույս հայտնել, որ առցանց դասընթացին քննիչներին փոխանցված գիտելիքները կնպաստեն կանանց նկատմամբ և ընտանեկան բռնություններին առնչվող քրեական վարույթներով քննությունների արդյունավետության բարձրացմանը։

Երկուստեք կարևորվել է նման դասընթացները շարունակելու անհրաժեշտությունը։

--00—ՅՄ