Արտառոց դեպք՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. կալանավորներից մեկը փորձել է կտրել մյուսի պարանոցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

դանակահարությանդեպք
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մայիսի 15-ին Արմավիր ՔԿՀ-ի 2-րդ տեղամասի 52-րդ խցում ցմահ դատապարտյալների միջև լուրջ վիճաբանություն է եղել, որից հետո դատապարտյալներից մեկը կտրել է մյուս դատապարտյալի վիզը:

Կալանավայրից հասած տեղեկությունների համաձայն, վերոնշյալ խցի ցմահ դատապարտյալները նախկինում դիմել են ղեկավար կազմին, որ նույն խցում չեն կարողանում միմյանց հանդուրժել և խնդրել են իրենց տեղափոխել այլ խցեր, սակայն ղեկավար կազմն այդ դիմումներին ընթացք չի տվել, ինչի արդյունքում բանը հասել է ծեծկռտուքին և վիզը կտրելու փորձին:

Ավելին, հայտնի դարձավ, որ ցմահ դատապարտյալ Համլետն է կտրել մյուս կալանավոր Մկրտիչի վիզը: Տեղեկությունը փորձել են ճշտել Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից, թե ինչ է կատարվել մայիսի 15-ին «Արմավիրի» քրեակատարողական հիմնարկում, և արդյոք ցմահ դատապարտյալներից մեկը մյուսի վիզը կտրել է:

Այնտեղից, ի պատասխան հարցին, հայտնել են. «Սույն թվականի մայիսի 15-ին՝ ժամը 20:25-ի սահմանում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի թիվ 52 խցի ցմահ ազատազրկման դատապարտված խցակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն կենցաղային հարցերի շուրջ: Վիճաբանության արդյունքում նրանցից մեկը ստացել է մարմնական վնասվածք: Տուժածին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կանչվել է նաև շտապօգնություն: Վերջինս տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, և նույն օրը վերադարձվել քրեակատարողական հիմնարկ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»: