Պարո՛ն Փաշինյան ջան, էս մեծ ավտոբուսը 10 հոգի մարդ ա նստում. հանրային տրանսպորտը գործում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News 

Երևանի հանրային տրանսպորտը մայիսի 18-ից վերսկսել է աշխատանքը՝ հատուկ ռեժիմով: Կորոնավիրուսի պայմաններում քաղաքացիների համար տրանսպորտից օգտվելու նոր կանոններ են սահմանվել։ 

Այսուհետ ուղևորները և վարորդները պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակ և ձեռնոց: Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչև խախտման վերացումը։

Արգելվում է նաև տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը։ Ուղևորներն իրենց մոտ նաև պետք է ունենան մանրադրամ՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը և դրամի հետ շփումը։ Նրանք, ովքեր չեն պահպանի սահմանված կանոները կարող են տուգանվել։ 

24News-ը շրջել է Երևանում՝ պարզելու, թե ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները տրանսպորտի վերագործարկման և սահմանված նոր կանոնների մասին։ 

Քաղաքացիների մեծ մասը կողմ են տրանսպորտի աշխատելուն, նրանց խոսքով՝ պաշտպանիչ միջոցների առկայության դեպքում վարակվելու վտանգն այդքան էլ մեծ չէ։ 

Արտակարգ դրության ժամանակ նոր փոփոխությամբ պայմանավորված՝ քաղաքի կանգառներում վերահսկողություն են իրականացնում ոստիկանները։ Վերջիններիս խոսքով՝ քչերն են, որ չեն հետևում կանոններին, պաշտպանիչ միջոցներ չունենալու դեպքում էլ զգուշացվում են և տեղում հարթվում է խնդիրը։

Սոնա Գրիգորյան