Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 45 մեքենա, որոնցից 2-ը հետախուզման մեջ էին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Մայիսի 18-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին գումարտակի և հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին Երևանում։
Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 45 տրանսպորտային միջոց, որոնցից 1-ի վարորդը ոչ սթափ վիճակում էր։
Հայտնաբերվեց նաև 7 մեքենա, որոնց վարորդները վարում էին առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր, 14-ի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, 2-ը հետախուզման մեջ էին, իսկ մի մոտոցիկլետի վարորդ էլ չուներ փաստաթղթեր։
Հարգելի՛ վարորդներ, պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է։