Մարդիկ մտածում են՝ վիրուսը հորինված է, չեն պահպանում կանոնները․ վարակակիրների թիվն աճում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News 

Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թվի ռեկորդային աճ է գրանցվում։ Մայիսի 19-ին կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 218 նոր դեպք է գրանցվել։ Առողջապահության նախարարությունից մի քանի պատճառներ են նշում համավարակի բռնկման վերաբերյալ․

«Հիմնականում պատճառներն այն են, որ մարդիկ սկսել են իրար հետ շատ շփվել, կանոնները չեն պահպանվում։ Մյուս պատճառն այն է, որ մասսայական թեստավորվում են հաստատված բոլոր դեպքերի կոնտակտները, այդ պատճառով դրական դեպքերի թիվը մեծ է։ Երրորդ գլխավոր պատճառն այն է, որ կատարում ենք բավականին շատ հետազոտություններ», - 24News-ի հետ զրույցում նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ 

Չնայած վարակակիրների թիվն աճում է, այնուամենայնիվ հանվել են մի շարք սահմանափակումներ, արդեն գործում է նաև հանրային տրանսպորտը։ 24News-ը զրուցել է նաև քաղաքացիների հետ՝ պարզելու, թե ինչպե՞ս են վերաբերվում կորոնավիրուսային իրավիճակին։ Քաղաքացիներից շատերն անհանգստացած են, բայց միաժամանակ նշում են, որ սահմանափակումներով ապրել ևս հնարավոր չէ։ 

Օրեր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի դեպքերի աճին զուգահեռ մեծանում են նաև դավադրության տեսությունները և դրանց հավատացողների թիվը։ Նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը նշում է, որ այս հանգամանքները դժվարություններ են առաջացնում համավարակի դեմ պայքարում, քանի որ կան մարդիկ, որոնք կորցնում են իրենց զգոնությունը։

«Ըստ այդ դավադրության տեսությունների՝ կորոնավիրուսը միֆ է։ Մարդիկ մտածում են՝ վիրուսը հորինված է և չեն պահպանում կանոնները։ Եթե ժամանակի ընթացքում ավելի տարածվեն, նախարարությունը կդիմի իրավապահներին», - նշում է Ալինա Նիկողոսյանը։ 

Առողջապահության նախարարության կանխատեսումներով՝ դեպքերի աճի նման տեմպով պայմանավորված հնարավոր է առաջիկայում կորոնավիրուսի ավելի քան 6500 դեպք գրանցվի, իսկ հունիսին հնարավոր է՝ դեպքերի կրկնապատկում լինի և վարակակիրների թիվն անցնի 12 հազարից։

Սոնա Գրիգորյան