ՀՀ ավիացիան կարիք ունի արմատական վերակազմավորման՝1,5 տարում քանդածը զրոյից ստեղծելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News  

․

ՀՀ ավիացիոն իշխանությունները կարիք ունեն արմատական վերափոխումների: Ավելի ճիշտ` վերակազմավորման, 1,5 տարում հիմնովի քանդածը զրոյից ստեղծելու համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղավիացիայի մասնագետ Հակոբ Ճաղարյանը։

«Իմ ամեն հարցազրույցից հետո, որտեղ ես հանրությանը, առանց թաքցնելու, ներկայացնում եմ հայկական ավիացիայի ներկա վիճակը, պատճառները, և ստեղծված իրավիճակից ելքի միջազգայնորեն ընդունված կարգավորումները, ռուսալեզու մամուլում և «անկաշառ» բլոգերների մոտ սկսվում է հիստերիայի հերթական սրացումը, նշել է Հ․Ճաղարյանը՝ «Ինչո՞ւ հայկական ավիաընկերությունները ՌԴ-ից հայերի չեն տեղափոխում» վերնագրով գրառման մեջ։

«Ահավասիկ` Արցախից Մոսկվա «թռած» ոմն «բլոգեր» Roman Baghdasaryan Infoteka 24 ռուսալեզու կայքում հոդված է տեղադրել հարցադրմամբ, թե` «Զվարթնոցում» իմ պաշտպանած հայկական «Արմենիա» և «Ատլանտիս» ավիաընկերություններն ունեն 3 օդանավ: Ինչու՞ նրանք ՌԴ-ից Հայաստան չեն տեղափոխում այնտեղ մնացած ՀՀ քաղաքացիներին: Ինչով կհիմնավորեին հայկական ավիափոխադրողների կարևորության մասին իմ պնդումները: Ու, որ ես շարունակում եմ քարկոծել իշխանություններին միայն քարկոծելու նպատակով», գրել է Հ․Ճաղարյանը, կարծիք հայտնելով, որ «լավ հարց է»:

«Նախ`

Հայկական ավիաընկերությունները դեպի ՌԴ թռիչքներ չեն կատարում (ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ) ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից այդ թռիչքները կատարելու թույլտվությունը չստանալու պատճառով:

Բացատրությունը`

Քանի որ COVID-19-ի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանը կարող է սպասարկել սահմանափակ քանակությամբ` օրական ոչ ավելի, քան 200 ուղևոր, իսկ այդ քանակությունն արդեն (ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ) ամրագրված է ռուսական ավիաընկերությունների կողմից:

Համոզված եմ, որ ազգն իրավունք ունի ճանաչել իր «հերոսներին»:

Եվ ՀՀ ՔԱԿ-ը կամ կհերքի մեղադրանքս, ինչին կհետևի զրպարտության համար դատարան դիմելը, կամ կհաստատի տեղեկությունս, ինչով կպատասխանի իր «հովանավորի» հարցին:

Ավելացնեմ, որ ավելի ուշ ՔԱԿ-ը, ի վերջո կռահել է իր գործողության անթաքույց հակապետական «անհեթեթությունը» և ի վերջո մայիսի 23-ի համար «Արմենիա» ավիաընկերությանը թույլտվություն է տվել դեպի Վորոնեժ մեկ թռիչք կատարելու», գրել է Հ․Ճաղարյանը:

Ավիացիայի մասնագետը գրել է, որ իր հարցազրույցներից ու հրապարակումներից և ոչ մեկում ոչ մի անձնավորված մեղադրանք չի արտահայտել․

«Ասել եմ, և պնդում եմ` ոլորտի կառավարումը համակարգային խնդիր է, և այդ համակարգը հնարավոր էր, նույնիսկ նրա բացարձակ բացակայության պայմաններում, կարգավորել 3-4 ամսում:

Զրոյից:

Ինչի համար կպահանջվի ոչ ավելի գումար, քան նախորդ տարվա գործուղումներին հատկացվածի կեսը:

Եվ մեղադրանքները, նախկինների թերություններին վերագրելու փորձերը, Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության ծայրահեղ բացասական գնահատականի պատճառները, ICAO աուդիտը շատ բարձր` միջազգային նորմերին 84%-ից ավել համապատասխանությամբ ներկայացրած ԱՎԻԱՑԻՈՆ իշխանություններին վերագրելը շարունակում եմ համարել անբարոյական սուտ», ընդգծել է Հ․Ճաղարյանը:

Ավիատորի խոսքով՝ ՀՀ ավիացիոն իշխանությունները կարիք ունեն արմատական վերափոխումների․

«Ավելի ճիշտ` վերակազմավորման, 1,5 տարում հիմնովին քանդածը զրոյից ստեղծելու համար: (տեխնիկական մասով)։

Ինչպես նաև ՀՀ կառավարության քաղաքականության արմատական վերանայման (քաղաքական բաղկացուցիչը)։

Դա Հայաստանի համար ինքնիշխանության կարևորագույն գործիքի` տեղական ավիաընկերությունների կայացման միակ ուղին է», շեշտել է Հ․Ճաղարյանը: