Հիմնադրամներն այսուհետ իրենց հաշվետվությունները թղթային տարբերակով չեն ներկայացնի. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

պեկ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ««Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (ՀՕ-176-Ն) ՀՀ օրենքի համաձայն, ՊԵԿ նախագահի հրամանով փոփոխություն է կատարվել հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգում:

Օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված՝ հիմնադրամներն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություններն այսուհետ կհրապարակեն ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգում և դրանք այլևս թղթային տարբերակով չեն ներկայացնի ՊԵԿ։

Փոփոխվել է նաև հաշվետվության հրապարակման ժամկետը. հիմնադրամների կողմից հրապարակվող տարեկան գործունեության հաշվետվության վերջնաժամկետ է սահմանվել հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ը։

Կոմիտեն, միաժամանակ, տեղեկացնում է, որ 2020 թ. մայիսի 18-ից հիմնադրամների տարեկան գործունեության մասին հաշվետվության լրացման և հրապարակման էլեկտրոնային ձևը հասանելի է ՀՀ ՊԵԿ hաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (Հաշվետվական ձև՝ 242. Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվություն)։