26-ամյա հարևանը բնակչի տնից գողացել է 2 միլիոն 800 հազար դրամ և արծաթյա զարդեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Մայիսի 14-ին՝ ժամը 14.30-ի սահմանում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի մի բնակարանից փող, վզնոց ու մատանի են գողացել:
Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Իրավապահներն արձանագրեցին որտեղից է կատարվել գողությունը, կազմեցին համապատասխան արձանագրություններ: Ննջարանի մահճակալի ներքնակի տակից գողացել էին 2.800.000 դրամ, պահարանից` 30.000 դրամ և արծաթյա զարդեր` բնակարանատիրոջը պատճառելով մոտ 3 միլիոն դրամի նյութական վնաս:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գաղտնի հափշտակությունը կատարել է տուժողի 26-ամյա հարևանը: Կասկածվողը մայիսի 16-ին բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին և ներկայացվեց Արարատի մարզային քննչական վարչություն:
Նա տվել է խոստովանական ցուցմունք, որ ինքն է հարմարեցված բանալիով բացել հարևանի բնակարանի դուռը և կատարել գողություն:
Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: