Ազգային ժողովը մայիսի 21-ին կամ 22-ին արտահերթ նիստ կգումարի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News 

քաղաքական

Ազգային ժողովը մայիսի 21-ին կամ 22-ին արտահերթ նիստ կգումարի: 24News-ի տեղեկություններով՝ օրակարգում կորոնավիրուսի հետ կապված հարցն է:

Մեր ունեցած տեղեկություններով՝ քննարկվելու է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է կորոնավիրուսով վարակված մարդկանց օրապահիկ տրամադրել:

«Խոսքը ոչ բոլորի մասին է, այլ այն մարդկանց, ովքեր հիվանդանոցային բուժում չեն ստանա կամ չեն մեկուսացվի: Քանի որ վիրուսը գնալով դուրս է գալիս վերահսկողությունից, ու պետությունը չի կարողանա բոլոր վարակվածներին մեկուսացնել, ապա առաջարկվում է վարակակիրներին տուն ուղարկել ու նրանց դրամական փոխհատուցում տրամադրել, ասել է թե՝ օրապահիկ՝ օրվա սննդի հարցը լուծելու համար: Պարզ է՝ վարակակիրը չի աշխատելու, պետությունը նրան չի մեկուսացնելու, հետևաբար՝ առաջ է գալու նրա սննդով ապահովելու հարցը: Զեյնալյանի նախագծով՝ առաջարկվում է այդ մարդկանց որոշակի գումար տրամադրել»,- ասաց 24News-ի զրուցակիցը:

Վրույր Սևակ