Ծերեթելի փողոցում գտնվող կարի արտադրամասում կորոնավիրուսի վարակման դեպքեր են գրանցվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

լ

Լրագրող Աստղիկ Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի ընկերներ, գործընկերներ,

տեղեկություններ ունեմ, որ Ծերեթելի փողոցում գտնվող կարի արտադրամասում՝ մեզ ու ձեզ ամենահայտնի, չեմ վախենա ասել, կորոնավիրուսի զանգվածային վարակման դեպքեր են գրանցվում։ Ու պատճառն ամենևին էլ նրանց չջերմաչափելը չէ։ Աշխատողներից ոմանք շատ դեպքերում թաքցնում են իրենց վատ ինքնազգացողությունը, ջերմիջեցնողներ են խմում ու ներկայանում աշխատանքի։

Բնականաբար, ջերմաչափվելիս նորմալ թվեր են երևում սարքին։

Այդ նույն մարդիկ պատճառաբանում են, որ պարտքեր ունեն, որ պետք է գնան աշխատեն, որ, իրենց խոսքով, «երկու կոպեկ փող աշխատեն, իրենց գլուխը պահեն»։

Ի դեպ, մոտ 1000-ին մոտեցող աշխատակից ունեցող ընկերությունում բոլորը վարձատրվել են 1 անգամ, 68 հազար դրամի չափով, շուրջ 2 ամիս չաշխատելու դիմաց։

Հիմա արդեն նույն արտադրամասի որոշ բաժիններում նույնիսկ 50 տոկոսից պակասն է աշխատանքի հաճախում՝ առնվազն վատառողջ լինելու պատճառով (պոլիկլինիկաները տանում-բերում են՝ ծանրաբեռնվածության պատճառով, թեստավորումն էլ բավականին թանկ արժե)։

Հարգելի՛ պատասխանատուներ, ի վերջո, սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։
Սա ինքնակործանման գնացող ճանապարհ էլ չէ՝ արահետ է, որտեղից հետ դառնալ է պետք։ Անհապաղ։ Լուծումներ գտեք, ինչ գնով էլ լինի։

Թե չէ՝ տպավորություն է, որ կիսասարք մեքենան դրել ենք քանդված, քարքարոտ ճանապարհին, մենք էլ նստել մեջը ու ուզում ենք ողջ-առողջ տեղ հասնել։
Չենք հասնելու»։