Ֆրանսիացի գիտնականները ահազանգում են՝ պետք է զանգվածային թեստավորում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News   

ֆրանսիա

Ֆրանսիան վերաբացվում է, սակայն գիտանականները առաջարկում են զանգվածային թեստավորում՝ իրավիճակը վերահսկելու համար։

Ֆրանսիան պետք է իրականացնի զանգվածային համակարգված թեստավորում, ասում են համաճարակաբանները, քանի որ երկրում հայտնաբերվել են կորոնավիրուսի ռիսկային նոր գոտիներ սահմանափակումների մեղմացումից հետո: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Եթե մենք հայտնաբերենք նրանց և իրականացնենք թեստավորում, մեկուսացնելով շրջապատից, ապա կշարունակենք վերահսկել համաճարակը», - ասում է ֆրանսիացի համաճարակաբան Դոմինիկ Կոստագլիոլան:

Իր հերթին Քեթրին Հիլլը, ով ղեկավարում է համաճարակաբանության ծառայությունը Gustave Roussy քաղցկեղի բուժման կենտրոնում, քննադատում է իշխանություններին Ֆրանսիայում ավելի վաղ շրջանում թեստերի բացակայության համար և առաջարկում բնակչությանը զանգվածային թեստավորման ենթարկել՝ վիրուսը հայտնաբերելու համար:

Ապրիլին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել էր, որ Ֆրանսիան կանցնի ագրեսիվ դոկտրինային COVID-19 թեստավորման հարցում ՝ նպատակ ունենալով շաբաթական անցկացնել 700,000 թեստավորում:

Հիլլը նշում է, որ կառավարության՝ միայն ախտանիշներ ունեցողների և նրանց հետ շփման մեջ մտած անձանց համար թեստերը սահմանափակելու որոշումը, բավարար չէ վիրուսը հաղթահարելու համար:

«Մենք թեստավորում ենք ախտանիշ ունեցող մարդկանց, բայց նրանց հայտնաբերման համար ժամանակ է հարկավոր: Հետո մենք թեստավորում ենք այն մարդկանց, ում հետ նրանք կապ են ունեցել, և դա ևս արագ գործընթաց չէ: Պետք է բնակչության զանգվածային թեստավորում անցկացնել», - ասում է Հիլլը:

Նա նաև պաշտպանում է կորոնավիրուսի նշաններ հայտնաբերելու համար կոյուղաջրերը թեստավորելու գաղափարը, ինչպես դա արվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում և Ավստրալիայում սկզբնական շրջանում: Դա կարող է օգնել վերահսկելու դեպքերի տարածումը և ժամանակին արձագանքելու բռնկումներին:

Գիտնականները ենթադրում են, որ վիրուսի փոքր մասնիկներ կարող են մնալ կոյուղաջրերում, ուստի դրանց լայն մասշտաբով ուսումնասիրությունը ևս կնպաստի համավարակի տարածման դեմ պայքարին:

Քանի որ Ֆրանսիան աստիճանաբար մեղմացնում է սահմանափակումները և վերաբացնում, գիտնականները չեն բացառում համավարակի երկրորդ ալիքը, եթե Ֆրանսիան դադարեցնի թեստավորումը:

Առողջապահության նախարարության տվյալներով Ֆրանսիայում հետևողականորեն արձանագրվում է դեպքերի ու մահերի թվաքանակի անկում: