Ոստիկանության բաժանմունքի պետին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News   

մեղադրանք

2020 թ. մարտի 24-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ստացվել էր հաղորդում, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են դիմել երկու տղամարդ:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Վանաձորի Ներսիսյան փողոցում ծագած վիճաբանության ժամանակ տարբեր անձինք տարբեր հրազեններից, այդ թվում՝ վիրավորներից մեկի անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի երկու զենքից, միմյանց ուղղությամբ կրակոցներ են արձակել:

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննությամբ պարզվել է, որ հիշյալ զենքերի տերն ու նրա հայրը, որոնք մտերիմ հարաբերություններ ունեն ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի պետի հետ, դիմել են նրան, որ զենքերի դետալների վրա մեխանիկական ազդեցություն գործի, որպեսզի դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների փորձաքննության արդյունքում չհաստատվի այդ զենքերից կրակված լինելու հանգամանքը:

Բաժանմունքի պետն ընդառաջելով խնդրանքին՝ խարտել վնասել է ողորկափող ու ակոսափող զենքերի զարկանները:
Նկատի ունենալով, որ նրա գործողություններում առկա են պետական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործության հատկանիշներ, ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, և ծառայողական քննության ընթացքը կասեցվել է։

Հատուկ քննչական ծառայությունում մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ։ Մայիսի 15-ին բաժանմունքի պետին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննությունը շարունակվում է։