Գյումրիում հրդեհ է բռնկվել սեփական տան տանիքում. ժամանել են մեծ թվով հրշեջներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News   

․

Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ տեղեկացնելով, որ ժամը 18:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 69 տան տանիքում հրդեհ է բռնկվել:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Գյումրի քաղաքի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Լրացուցիչ ժամանել է նաև մեկ այլ մարտական հաշվարկ:

Հրշեջներն ու քաղաքացիները մարել են Համլետ Իսահակյանին պատկանող թիվ 69 տան մանսարդային տանիքում առաջացած կրակը:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է մանսարդային տանիքը, մի քանի պատուհան, դուռ և տանիքում գտնվող շինարարական փայտն ու կենցաղային իրեր:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Գյումրու պատասխանատուները ժամանակավորապես հոսանքազրկել են նշված տունը, որպեսզի հրշեջները կարողանան ազատ աշխատել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: