Արտաշատի 38-ամյա բնակիչը Արևշատի տներից մեկում կողոպտել էր տանտիրուհուն ու փախել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Մայիսի 17-ին Արարատի մարզում կողոպուտ էր կատարվել: Ժամը 11.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում ստացվեց, որ Արևշատ գյուղի տներից մեկը գող է մտել: Փորձել էին բռնել, բայց հանցամիտը փախել էր:

Օպերատիվ խումբը մեկնեց Արևշատ: Պարզվեց` ահազանգից րոպեներ առաջ ինչ-որ մեկը բացել էր նշված տան մուտքի դռան փականը, հյուրասենյակում տանտիրուհու պայուսակից գողացել փող ու բանկային քարտ: Հարևանը նկատել էր, նույնիսկ բռնել, բայց կասկածյալին հաջողվել էր փախչել:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին. արդյունքում պարզվեց, որ կողոպուտը կատարել է նախկինում դատապարտված, Արևշատ գյուղի 38-ամյա մի բնակիչ:

Նույն օրը՝ ժամը 19-ի սահմանում, կասկածվողը գյուղի գերեզմանատնից բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին: Նա ներկայացվել է Արարատի մարզի քննչական վարչություն և ձերբակալվել:

Հանգամանքները պարզվում են:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

38-ամյա տղամարդը կալանավորված է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: