Թուրքական աղբյուրի պնդմամբ` Իսրայելը ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

թուրքիաիսրայել
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքական իշխանամետ «Յենիշաֆաք» թերթը պնդում է, որ Իսրայելը կորոնավիրուսային իրավիճակն օգտագործում է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու և դիվանագիտական հարաբերությունները գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակից արտակարգ և լիազոր դեսպանության մակարդակի հասցնելու համար։ 

Նշվում է, որ Իսրայելի նման դիրքորոշումը կապված է Արևելյան Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում Թուրքիայի գորոծողությունների հետ։ 

Անկարայում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոեյ Գիլադը լրատվամիջոցներից մեկում հոդված է հրապարակել «Թուրքիայի և Իսրայելի Իդլիբի, այդ թվում՝  կորոնավիրուսի շուրջ համատեղ շահերը» վերնագրով։  

«Իդլիբում պատերազմը բացահայտեց աշխարհաքաղաքական որոշ կարևոր ճշմարտություններ։ Դրանցից մեկն այն է, որ Իրանի ներկայությունը Սիրիայում հակադրվում է թուրքական շահերին»,- գրել է Գիլադը։

Նա իրանցի զինյալներին մեղադրել է, որ մեծ դեր են խաղացել Իդլիբում տեղի ունեցած գործողություններում, որի ժամանակ թուրքական բանակի 50 զինվոր է սպանվել։

Գիլադը թուրք-իսրայելական հարաբերություններում առկա իրավիճակը պայմանավորում է քաղաքական  երկխոսության պակասի և մեգաֆոնային դիվանագիտության աճի հետ։

Թուրքական աղբյուրը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքին, որ Իսրայելը չի ստորագրել մայիսի 12-ին Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գորոծողությունները դատապարտող Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի համատեղ հայտարարության տակ։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Իսրայելի կառավարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ գրառում է արվել։