1 միլիոն դոլար՝ Հայաստանին. Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը հաստատեց դրամաշնորհը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

շրջակա

Դեռևս նախորդ տարի Շրջակա միջավայրի նախարարության և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում 2020 թվականի մայիսի 20-ին Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը հաստատեց շուրջ 1.000.000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով Հայաստանին հատկացվող դրամաշնորհը։ Այդ մասն տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փարիզյան համաձայնագրի ներքո անդամ պետությունները «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» միջոցով ներկայացնում են ազգային կլիմայական օրակարգն ու պարտավորությունները, որոնք իրականացնելու են հանուն համընդհանուր նպատակի` պահպանել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչև 2 աստիճան մինչարդյունաբերական ժամանակաշրջանի մակարդակից (միևնույն ժամանակ նպատակ ունենալով զսպել մինչև 1․5 աստիճան) և արդյունքում խուսափել կլիմայի փոփոխության անդառնալի բացասական հետևանքներից։

Փարիզի համաձայնագրի շուրջ բանակցությունների կարևոր արդյունքներից էր թափանցիկության ուժեղացված շրջանակի ստեղծումը` երկրների կողմից առկա և ապագա պարտավորությունների կատարման ընթացքին հետամուտ լինելու համար։ Այդ իսկ նպատակով, «Փարիզի համաձայնագրի ներքո թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ծրագիրը ստեղծվել է Համաձայնագրի անդամ պետությունների խնդրանքով՝ աջակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի/ ԿՓՇԿ-ի/ Հավելված I-ում չընդգրկված երկրներին (այդ թվում՝ Հայաստանին)՝ ամրապնդելով ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները և ազգային առաջնահերթությունների hամապատասխան բարձրացնելով հաշվետվողականության թափանցիկությունը: