Նիկոլ Փաշինյանը կգա Ազգային ժողով․ թեժ օրեր են սպասվում․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

նիկոլ աժ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունիսի 2-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելու են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Այդ քննարկումները կշարունակվեն մինչեւ հունիսի 11-ը, որից հետո հաշվետվությունը կքննարկվի նաեւ հունիսի 16-ին մեկնարկելիք լիագումար նիստերում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց առաջին օրվա քննարկմանը կմասնակցի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նա միայն բացման խոսքով հանդես կգա, որից հետո կսկսվեն բուն քննարկումները՝ ոլորտ առ ոլորտ: Հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը՝ «Ժողովուրդ» օրաթերթը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից փորձեց պարզել՝ որեւէ փոփոխություն սպասվում է քննարկան ընթացակարգում, թե ոչ, սակայն Գալստյանը նշեց. «Այս պահին որեւէ փոփոխություն առկա չէ»:

Նշենք, որ, բացի այս քննարկումներից, արդեն մայիսի 26-ից մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է լինելու 26 հարց, այդ թվում՝ Կենտրոնական բանկի՝ 2019թ. գործունեությունը: Այս օրակարգն արդեն կհաստատվի մայիսի 25-ի ԱԺ խորհրդի նիստում, որի ժամանակ կհաստատվի նաեւ բյուջեի քննարկումները հունիսի 2-ին սկսելու որոշումը:

Նկատենք, որ մայիսի 26-ից մեկնարկող նստաշրջանում նախագծեր ունի նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը բոյկոտում է նիստերը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել՝ կմասնակցեն նիստերին, թե ոչ, սակայն նա նշեց, թե նման որոշում չունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում