Դոնալդ, Դուք հիվանդ մարդ եք. ամերիկացի հաղորդավարուհին ուղիղ եթերում դիմել է Թրամփին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

.

MSNBC-ի հաղորդավարուհի Միքա Բժեզինսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «հիվանդ» է անվանել հեռուստաալիքի ուղիղ եթերում: Հաղորդում է РиаНовости-ն:

Եթերը մայիսի 20-ին էր, իսկ այժմ Բժեզինսկու տեսանյութը հասանելի է YouTube-ում:

Հեռուստահաղորդավարուհին քննադատել է Թրամփին՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին նրա արտահայտած խոսքերի ամար: Բժեզինսկին ընդգծել է, որ երկրին բաժին է ընկնում աշխարհում COVID-19-ի վարակվածների 31 տոկոսը, սակայն Թրամփը կարծում է, որ այս քանակը «լավ» է, և որ վկայում է թեստավորման արդյունավետության մասին:

Լրագրողի կարծիքով՝ այս ամբողջ իրավիճակը պատմության մեջ կմնա որպես հումանիտար աղետ, որը ԱՄՆ նախագահը կարող էր կանխել:

Ընդ որում, ընդգծել է հեռուստահաղորդավարուհին, նախագահը թվիթերյան էջում անընդհատ «ամենատարբեր անհեթեթություններ»-ն է գրում նրա ամուսնու՝ Ջո Սկարբորոյի մասին, ով նախկինում ներկայացուցիչների պալատի անդամ էր, իսկ այժմ զբաղվում է լրագրությամբ և հաճախ հանդես է գալիս ամերիկյան առաջնորդի քննադատությամբ:

Նշենք, որ անցած շաբաթ Թրամփը մի հրապարակում էր արել, որում իր վրդովմունքն էր արտահայտել, որ Սկարբորոյի դեմ մինչ օրս գործ չեն հարուցել. «Ֆլորիդայում ե՞րբ են պատրաստվում վերսկսել խելագար Ջո Սկարբորոյի դեմ գործը։ Ինչո՞ւ է նա Կոնգրեսը լքել այդքան հեշտ ու հանգիստ: Արդյոք ակնհայտ չէ՞»:

Լրագրողը անդրադարձել էր այս հրապարակմանը՝ պատասխանելով. «Օգտվելով իմ դիրքից՝ կասեմ հետևյալը՝ սրանք հիվանդ մարդու խոսքեր են: Դոնալդ, Դուք հիվանդ մարդ եք, հիվանդ: Դուք ոչ մի կարեկցանք և հետաքրքրություն չունեք ուրիշների նկատմամբ, Դուք ի վիճակի չեք հաղթահարել այս հսկայական հումանիտար աղետը»:

Նշենք, որ ԱՄՆ-ում մայիսի 23-ի 13:00-ի դրությամբ կա կորոնավիրուսային հիվանդության 1,645,353 դեպք, որից 97,655-ը՝ մահվան ելքով: Հիվանդության բռնկումից ի վեր երկրում ապաքինվել է 403,228 մարդ: