Վրաստանում Արսեն Թորոսյանի հայտարարությունները որակել են ոչ դիվանագիտական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

գամկրելիձեթորոսյան

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն ոչ դիվանագիտական է որակել Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը։

Նշենք, որ ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀԽ անդամների հետ օնլայն քննարկմանը հայտարարել էր, որ, ի համեմատ Հայաստանի, Վրաստանի հակահամաճարակային համակարգն ավելի թույլ է,և որ այնտեղ կորոնավիրուսի վարակակիրների ու մահացության դեպքերի ցածր թիվը պայմանավորված է թեստերի վատ որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ։

Ամիրան Գամկրելիձեն խոստովանել է, որ այս հայտարարություններն իրեն զարմացրել են՝ չբացառելով, որ նախարարի խոսքը, հնարավոր է, լրատվամիջոցները սխալ են ներկայացրել:

«Անձամբ գիտեմ Արսեն Թորոսյանին։ Զարմանում եմ, որ նման հայտարարություն է արվել։ Հիշեցնեմ, որ մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք, հարևաններ, ունենք ընդհանուր մեծ պատմություն։ Զարմանալի է նրանից լսել նման ոչ դիվանագիտական հայտարարություններ»,- հայտարարել է Գամկրելիձեն։

Նա հավելել է, որ Վրաստանից եկած վարորդների մոտ կորոնովիրուսի դեպքերի մասին Հայաստանը պետք է տեղյակ պահի ԱՀԿ-ին ու Վրաստանին, քանի որ և Հայաստանը, և Վրաստանը կազմակերպության անդամներ են և ստորագրել են ԱՀԿ միջազգային կանոնների ներքո։

Գամկրելիձեն պարզաբանել է, որ Վրաստանում նույնպես հաստատված դեպքեր են եղել Հայաստանի կամ էլ այլ երկրի քաղաքացիների մոտ. «Նման դեպքում մենք պետք է տեղյակ պահենք ԱՀԿ-ին ու տվյալ երկրին։ Մենք այդպես վարվել ենք մի քանի հարևան երկրների դեպքում, որպեսզի նրանք կարողանան ձեռնարկել հակահամաճարակային  միջոցառումներ։ Այսպիսով, եթե եղել են նման դեպքեր, պարոն Արսենը պետք է տեղեկացներ ԱՀԿ-ին և մեզ»:

Վրաստանի ազգային կենտրոնի ղեկավարն անդրադարձել է նաև Թորոսյանի՝ թեստերի մասին արված հայտարարությանը.

«Ոչ, պարոն Արսեն։ Այն 46 կամ 47 հազար թեստավորումը, ես այսօրվա տվյալները հստակ չեմ հիշում,  որ իրականացրել ենք մեր երկրում, բոլոր ПЦР թեստեր են։ Այդ թվում մենք չենք ներառել մի քանի հազար արագ թեստերը, որոնք օգտագործվում են բժշկական հաստատություններում», - նշել է նա: