Միայն լսել եմ ճիչեր. ինքնաթիռի կործանումից ողջ մնացածը պատմել է իր փրկվելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

ինքնաթիռիկործանում

Կարաչիում Airbus A-320 ինքնաթիռի կործանման հետևանքով ողջ մնացած երկու մարդկանցից Մուհամադ Զուբաիրը պատմել է տեղի Geo News հեռուստաալիքին, թե ինչպես է իրեն հաջողվել փրկվել, փոխանցում է РиаНовости-ն:

Նրա խոսքով՝ օդաչուի՝ ինքնաթիռը օդանավակայան իջեցնելու անհաջող փորձից հետո ուղևորները սկսել են աղոթել։ Ոչ ոք չգիտեր, որ ինքնաթիռը կընկնի: Երբ օդաչուն կրկին հայտարարել է վայրէջքի մասին, մոտավորապես 10-25 րոպե անց, ինքնաթիռն ընկել է. Զուբաիրը կորցրել է գիտակցությունը: Երբ արթնացել է, ամեն կողմից նկատել է ծուխ և աղաղակներ:

«Կրակն այն ամենն էր, ինչ ես կարող էի տեսնել, իսկ մարդկանց ես չեմ տեսել, միայն լսել եմ նրանց ճիչերը»,- պատմել է նա հեռուստաալիքին։

Երբ նա արձակել է ամրագոտին, առջևում լույս է տեսել և շտապել լույսի ուղղությամբ: Տղամարդը ստիպված է եղել ցատկել մոտ երեք մետր բարձրությունից։

Զուբաիրին տեղափոխել են հիվանդանոց, նա իրեն լավ է զգում, բայց ձեռքերի ու ոտքերի հատվածում այրվածքներ կան: Վթարից փրկված երկրորդ մարդը մի քանի կոտրվածքներով նույնպես հիվանդանոցում է։

Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հաստատվել է 97 մահ: Պարզ չէ, թե զոհերից քանիսն են եղել ուղևորներ, քանիսը՝ բնակիչներ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս