Թորոսյանը պետք է կա՛մ հիմնավորի ոչ ճիշտ գնահատականը, կա՛մ ներողություն խնդրի. Ցերցվաձե

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

թենգիզ

Վրաստանի ինֆեկցիոն պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունաբանության գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կա՛մ պետք է հիմնավորի Վրաստանում COVID-19-ով ստեղծված իրավիճակի վերաբերյալ «սխալ» գնահատականը, կա՛մ ներողություն խնդրի: Այդ մասին նշվում է պրոֆեսորի տարածած հայտարարության մեջ, որը հրապարակել են վրացական ԶԼՄ-ները:

«Չենք կարծում, որ պարոն Թորոսյանը պետք է մեզանից տեղեկանա, որ բարձրաստիճան պաշտոնյան չպետք է նման հայտարարություններ անի՝ առանց որևէ հիմնավոր փաստարկի:

Այս ֆոնին նախարարի հայտարարությունը, թե Հայաստանում համաճարակաբանական համակարգն ավելի ուժեղ է, քան Վրաստանում, առնվազն ժպիտ է առաջացնում», - նշվում է Թենգիզ Ցերցվաձեի հայտարարության մեջ:

Ըստ Ցերցվաձեի՝ Վրաստանում COVID-19-ով պացիենտների գրանցումը կատարվում է թափանցիկ ու միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխան: Գործընթացը միջազգային որևէ կառույցի, փորձագետի կողմից կասկածի տակ չի դրվել:

«Նախարարը պետք է կա՛մ հիմնավորի, մեղմ ասած, ոչ ճիշտ գնահատականները, կա՛մ ներողություն խնդրի»,-հայտարարել է պրոֆեսորը և տեղեկացրել, որ տարածաշրջանում ամենաբարձր մակարդակի միակ կենտրոնը Վրաստանում է, որտեղ բոլոր լաբորատոր փորձարկումներն իրականացվում են ամենաբարձր որակի թեստային համակարգերի միջոցով, ինչը բացառում է բոլոր սխալները:

«Մենք չենք կարծում, որ Հայաստանն ունի լավագույն լաբորատորիան, մեթոդաբանությունն ու թեստային համակարգերը», - ասել է Թենգիզ Ցերցվաձեն:

Նա նաև տեղեկացրել է, որ Վրաստանն ախտորոշման թեստերն իրականացնում է միայն ՊՇՌ-թեստերի միջոցով, օգտագործվում են նաև հակամարմինների արագ թեստեր:

Բացի դրանից՝ Վրաստանը, ըստ պրոֆեսորի, ունի COVID-19 ունեցող հիվանդների կառավարման արդյունավետ համակարգ, որն ապահովում է բոլոր հիվանդների համար ժամանակին և ճշգրիտ ախտորոշում, օգտագործվում են նաև նորարարական մոտեցումներ, ինչի արդյունքը մահացության ցածր ցուցանիշն է երկրում:

«Վրաստանը COVID-19-ի կառավարման ոլորտում նվաճումների համար ստանում է բարձր գնահատականներ ՄԱԿ-ից, ԱՀԿ-ից և միջազգային այլ հաստատություններից»,-հայտրարարել է պրոֆեսորը և հրավիրել Արսեն Թորոսյանին և Վրաստանով հետաքրքրված բոլոր մարդկանց՝ կիսվելու երկրի փորձով: