«Մարտի 1»-ի գործով որևէ ապացույց չի կորել, որևէ պարկուճ ձուլարան չի տարվել. Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

հարությունյան

Որևէ պարկուճ ձուլարան չի տարվել, որևէ պարկուճ կամ այլ ապացույց «Մարտի 1»-ի գործով չի կորել։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։ 

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ 2008թ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ կրակված պարկուճները փոխվել են, ինչը նշանակում է, որ կրակված իսկական պարկուճները չկան և այսօր հնարավորություն չունեն պարկուճների միջոցով նույնականացնել ու գտնել զենքերը։ «Եթե իրական պարկուճները տարել ձուլարանում մի տեղ ձուլել են, պատկերացնու՞մ եք դա ինչ է նշանակում»,- ասել էր վարչապետը, ինչին ի պատասխան Վ.Հարությունյանն ասել է՝ «Կարող են անհոգ լինել, բոլոր ապացույցներն իրենց տեղերում են, բոլորը պատշաճ հետազոտված են»,- նշել է Հարությունյանը։

«Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավարը գտնում է, որ «պարկուճների կեղծիք» ասվածն ինքնանպատակ չի հորինվել, այսինքն՝ դրանով ՀՔԾ-ն փորձում է միանգամից լուծել մի քանի խնդիր, մասնավորապես՝ օբյեկտիվ պատճառներով շատ դժվար է բացահայտել սպանությունների հանգամանքները և ՀՔԾ-ն ուներ հստակ ստացված պատվեր՝ ամբողջությամբ վերափոխել, վերաձևակերպել, վերանկարագրել մարտ 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունները, դրանց կազմակերպիչներին և հետևանքները, գլխիվայր շուռ տալ՝ սպանությունների հանգամանքները կազմակերպիչների մասով։

Մինչդեռ այն բացարձակ մտացածին է ու անիմաստ՝ նշելով, որ «պարկուճները լինեն 1000,5000, թե 10.000 սպանությունների հանգամանքները բացահայտելու հետ որևէ առնչություն չունեն»։ Ըստ նրա՝ հրազենային մարմնական վնասվածքների առաջացման մեխանիզմը և այն պատճառած զենքը պարզելու համար հարկավոր է փամփուշտի գնդակը։