Կվերակառուցվի առավել վտանգավոր 46 դպրոց, որոնք ընտրվել են ուժեղացման ենթակա 377 դպրոցից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

դպրոց.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում է տեղադրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած՝ «Կառուցենք Հայաստանը նորովի» խորագրով տեսանյութը և որոշ մանրամասներ ներկայացել:

«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Ասիական զարգացման բանկի հետ կնքված վարկային պայմանագրի հիման վրա:

Ծրագրի շրջանակներում առաջնահերթ կվերակառուցվի առավել վտանգավոր 46 դպրոց, որոնք ընտրվել են հանրապետության ուժեղացման ենթակա 377 դպրոցներից:

Ներկայումս ընթացքի մեջ են 7 դպրոցների կառուցման աշխատանքները, որոնցից 2-ը` Նոր Խարբերդի թիվ 2 միջնակարգ դպրոցը և Կապանի թիվ 7 հիմնական դպրոցը, այս պահին գտնվում են ավարտական փուլում»,-գրել է Պապիկյանը:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել և կից հավելել #ԿառուցենքՀայաստանըՆորովի հեշթգը: