Կեղծ փաստերով հանրությանը մոլորեցնելն անթույլատրելի է. Կարապետյանը՝ ՀՈԱԿ-ի ասուլիսի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

հակոբկարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների՝ այսօր կազմակերպած ասուլիսին, ըստ որի՝ ՀՈԱԿ-ի նոր տնօրենը կադրային ջարդ և պաշտոնական դիրքի չարաշահում է կատարում աշխատակիցների նկատմամբ.

«Ներկայացնում եմ Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրինության հայտարարությունը.  

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ում կադրերի կառավարումը տեղի է ունենում ՀՀ օրենսդրության սահմաններում:

Մասնավորապես, վերջին մեկ ամսվա ընթացքում այս կամ այն աշխատակցի աշխատանքի արդյունավետությունը գնահատվել և հետագա համագործակցության նպատակահարմարությունը որոշվել է բացառապես ՀՀ աշխատանքային օրենսդրության համապատասխան:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ից վերջին մեկ ամսվա ընթացքում հղի կին չի ազատվել, ազատման ծանուցում կամ բանավոր առաջարկ որևէ հղի չի ստացել: Այդ թվում, խոսքը հաշվապահությունում աշխատող տիկնոջ մասին է, որը շարունակում է իր աշխատանքը բնականոն ընթացքով:

Աշխատանքի ազատման ծանուցում ստացած աշխատակիցները կարող են իրենց շահերի պաշտպանության համար գործի դնել տարբեր միջոցներ՝ բացօթյա ասուլիսներ, դատական հայցեր և այլն, սակայն կեղծ փաստերով հանրությանը մոլորեցնելու փորձերը անթույլատրելի են»: