ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն օրական կարտադրի COVID-19-ի շուրջ 1000 թեստ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

հասարակական

Մոտ օրերս ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն իր արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը կուղարկի փորձարկման ՀՀ առողջապահության նախարարություն: Այս մասին ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնել է ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին և ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանին: ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը ծանոթացել է թեստերի արտադրության լաբորատոր աշխատանքներին, քննարկել աշխատանքների ընթացքը և զարգացումները:

«Մենք ստացել ենք բոլոր անհրաժեշտ նյութերը 100000 թեստի պատրաստման համար, հիմա փորձարկումներ ենք իրականացնում: Աշխատում ենք ՀՀ առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի հետ: Վերցնում ենք իրենց կողմից թեստ արված նմուշներն ու կրկնում ենք՝ մեր թեստերի ճշտությունը համեմատելու համար: Այս շաբաթվա ընթացքում կամ մյուս շաբաթվա սկզբին թեստերն արդեն կտրվեն նախարարությանը փորձարկման»,- նշել է Արսեն Առաքելյանը: Նա վստահեցրել է, որ թեստերը զգայուն են և կարող են հայտնաբերել նաև վիրուսի համեմատաբար ցածր տիտրի (վիրուսի կոնցենտրացիյի) դեպքում:

Ըստ Արսեն Առաքելյանի՝ փորձարկման շրջանից հետո նախատեսում են օրական շուրջ 1000-2000 թեստ արտադրել: