Մանկապարտեզի տնօրենը յուրացրել է 3.7 մլն դրամ կազմող աշխատավարձերի գումարը. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 6, 24News

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով մայրաքաղաքում առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք է բացահայտվել: 

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը 2015 թվականի մայիսից մինչև 2018 թվականի հունիսը մանկապարտեզի տարբեր հաստիքներում աշխատանքի է հրամանագրել 7 քաղաքացու, որոնք բոլորն էլ իր մտերիմներն են, փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր մոտ 3.700.000 դրամ կազմող աշխատավարձերի գումարը տնօրենը յուրացրել է:

Յուրացման փաստով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: