Թրամփի ընդունած դեղամիջոցի` հիդրօքսիքլորոքինի փորձերը դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

դեղ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարեցրել է մալարիայի դեմ դեղամիջոցի՝  հիդրօքսիքլորոքինի փորձարկումը COVID-19 հիվանդների վրա ՝ ելնելով անվտանգության նկատառումներից, երկուշաբթի օրը ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսեսը։ Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»։

Դեղամիջոցը մատնանշվում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և այլոց կողմից որպես կորոնավիրուսի դեմ բուժող կամ վարակը կանխող հնարավոր միջոց: Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին նախագահ Թրամփը հայտարարեց նաև, որ ընդունել է այս դեղամիջոցը վիրուսի դեմ կանխարգելիչ նպատակով :

ԱՀԿ-ն նախկինում խորհուրդ էր տվել օգտագործել այն կորոնավիրուսի վարակի բուժման կամ կանխարգելման համար, սակայն նշել, որ դա պետք է անել բացառապես հիվանդանոցային պայմաններում, քանի որ դեղամիջոցը կարող է վտանգավոր լինել հատկապես սրտանոթային հիվանդություններ ունեցողների համար:

Փորձերը դադարեցնելու մասին որոշումը կայացվել է մի շարք տվյալների հետազոտումից հետո, սակայն ԱՀԿ-ն հայտնում է, որ վիրուսը բուժող դեղամիջոցի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են այսպես կոչված «Համերաշխության փորձեր» միջազգային նախաձեռնության շրջանակի ներքո: