Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 158 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

կորոնավիրուս

Թուրքիայում մայիսի 26-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 29 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում կատարված 19․853 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 948 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 28 դեպք, իսկ ապաքինման 1492 դեպք: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 121.507 մարդ, իսկ 739 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 158․762, իսկ մահվան 4․397 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 1․873․607-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։