Վանաձորում կեսգիշերին տան ուղղությամբ կրակոց արձակողի ինքնությունը հայտնի է, նա որոնվում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

կրակ.

Վանաձորի ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, օպերատիվ տվյալներ են ձեռք բերել և պարզել մայիսի 24-ին Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի 79-րդ շենքի հետնամասում կրակոցներ արձակողի վերաբերյալ տեղեկություն: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ այդմ՝ կրակոցներն արձակել է Վանաձորի Աղայան փողոցի բնակիչ, 58-ամյա Արմեն Բալոյանը՝ իրեն պատկանող 12 մմ տրամաչափի «Վինչեստեր» տիպի որսորդական ողորկափող հրացանով:

Աղբյուրը նաև նշում է, որ ոստիկանները Բալոյանի կնոջ մոտից հայտնաբերել են հանցագործության հրացանը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Ա. Բալոյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ մայիսի 24-ին՝ ժամը 23։55-ի սահմանում, Վանաձորի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ էր ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 77/2 հասցեի մոտ կրակոցներ են հնչում։ Ոստիկանները պարզել էին, որ ժամը 23։30-ի սահմանում Տիգրան Մեծի պողոտայի 77 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 40-ամյա Լիանա Ա.-ն իր բնակարանում լսել է ուժեղ պայթյունի ձայն, որից հետո հնչել են կրակոցներ, այնուհետև խոհանոցում՝ պատուհանի հարևանությամբ, նկատել է՝ պատը՝ միջանցիկ ծակված և գետնին թափված պատի քանդված քարի փշուրներ։

Տեղում աշխատել են ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները և նշված բնակարանի խոհանոցում հայտնաբերել մետաղյա դետալ, իսկ Տիգրան Մեծի պողոտայի 79 շենքի հետնամասում՝ 1 հատ պարկուճ։