Հայաստանի հետ ՌԴ ռազմական համագործակցությունը բավական սերտ է. Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

լավրով

«Հայաստանի հետ ՌԴ ռազմական համագործակցությունը բավական սերտ է»: Այս մասին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքների ամփոփման առցանց ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հարաբերությունները գնահատում ենք որպես դաշնակցային, և դրանք հենց այդպիսինն են»,- նշել է Լավրովը: 

Նրա խոսքով՝ դա վերաբերում է և՛ ՀԱՊԿ-ում, և՛ երկկողմ փոխգործակցության հարաբերություններին:

«Ռազմական փոխգործակցությունը բավականին սերտ է։ Դուք գիտեք, որ Հայաստանում է գտնվում ռուսական ռազմաբազան, որն օգնում է տարածաշրջանում ապահովել կայունություն և անվտանգություն։ Այն, ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը և ռազմատեխնիկական օգնությանը, որը մենք տրամադրում ենք Հայաստանին, ապա այստեղ ևս ստեղծված է սերտ, արդյունավետ ոչ թե նույնիսկ երկխոսություն, այլ աշխատանք։ Այնպես որ, այստեղ ոչ մի հարց չի առաջանում», - եզրափակել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Նշենք, որ Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկե նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: