Այսօր հայոց պատմության ամենավառ օրերից մեկն է. Արցախի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

հասարակական

Արցախի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ նշված է.

«Այսօր հայոց պատմության ամենավառ օրերից մեկն է. լրանում է հայկական պետականության վերականգնման 102-րդ ամյակը:

Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը նախորդել էին հերոսական ճակատամարտեր Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում։ Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակների շնորհիվ կանխվեց հայերի դեմ ցեղասպանության կրկնության վտանգը։ Մեր նախնիները միասնական ջանքերով պաշտպանեցին հայրենիքում ապրելու և արարելու իրենց իրավունքը՝ կերտելով անկախ պետականություն:

Առաջին հանրապետությունը ստեղծվեց պատմական բարդ պայմաններում և գոյատևեց կարճ ժամանակաշրջան, սակայն վճռական նշանակություն ունեցավ հայկական ինքնության պահպանման հարատևման գործում։

Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը հայ ժողովրդի միասնականության և հայրենիքի նկատմամբ անմնացորդ նվիրումի արդյունքն է, որի պատգամը առաջնորդեց հետագա սերունդներին՝ կերտելու նոր հաղթանակներ, ամրապնդելու և հզորացնելու Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը»։