Փոխնախարար չեմ ուզում դառնալ, ընտանիքիս ոչ մի անդամի գործի տեղավորելու համար չեմ խնդրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

հասարակական

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր մասին մամուլի հրապարակումներին: Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների Ջուլֆալակյանը ցանկություն է հայտնել նշանակվել ԿԳՄՍ փոխնախարար, նաև իր կնոջն է ցանկացել տեղավորել կրթության ոլորտում, սակայն մերժվել է:

«Հիմնավորումներով խոսում ես ոլորտային բացթողումների,սխալների մասին, մամուլը (որոշները...) սկսում է դրանում պարտադիր այլ բաներ որոնել։ Այսինքն, զուտ սրտացավություն եւ գործին նվիրվածություն հնարավոր չէ, պարտադիր պետք է անձնական շահ ունենաս:

Վերջին 2 օրվա ընթացքում այդ թեմայով էնքան ենթադրություններ, ասեկոսեներ եւ նյութեր հայտնվեցին, որ նպատակահարմար գտա պարզաբանել դրանցից գոնե տեսականորեն քիչ թե շատ հնարավորները:

ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո ցանկություն ունեմ։ Երբեք դրան ուղղված ոչ մի քայլ չեմ արել եւ չեմ պատրաստվում անել։ Ավելին, երբ ժամանակին առաջարկվել է, ինքս հրաժարվել եմ։

Ընտանիքիս ո՛չ մի անդամի, ո՛չ մի բարեկամի պետական որեւէ կառույցում գործի տեղավորելու համար որեւէ մեկին դիմած/խնդրած չկամ։ Եթե նման մարդ կա, թող հենց այս գրառման տակ նշի անունը։

Ավելին, պետական կառույցում աշխատող ոչ մի բարեկամ չունեմ:

Լեւոն Ջուլֆալակյանի աշխատանքի մասով էլ (քաղաքապետարան) դժվար հայտնվի բանականությամբ օժտված գեթ մեկ մարդ, ով մտածի, որ նրա գործի անցնելու համար պետք է մարդկանց խնդրել:

Չգիտեմ, թե էդ ինչ սեւ ցուցակ է, որտեղից է հայտնվել եւ ինչ սկզբունքով է կազմել «Հրապարակը», բայց կարծում եմ վատ խումբ չի ձեւավորվել արժի առաջիկա ազատ օրերին էդքանովս գնանք օրինակ սուրճ խմելու, որ գոնե ինչ որ հիմք առաջանա գրածի տակ:

հ.գ. Առաջարկում եմ, նշված հերյուրանքների փոխարեն զբաղվեք բարձրացրածս խնդիրների լուսաբանմամբ։ Եթե կարողանանք նույնիսկ դրանց մի մասը լուծել,կշահեն շատ-շատերը։ Չնայած՝ գրեթե վստահ եմ, նշածս թեմաները հեղինակած կայքերը դժվար թե նույնիսկ այս գրառումս տարածեն)

Առողջ ոչ աշխատանքային օրեր եմ ցանկանում բոլորիս»,-գրել է Ջուլֆալակյանը: