Մեկուկես տարի առաջ կատարված սպանության կասկածանքով 4 անձ է ձերբակալվել. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News   

ՔԿ

2018թ. նոյեմբերի 1-ին 33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ 2018թ. նոյեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցված քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ մի խումբ անձանց կողմից 33-ամյա տղամարդուն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

2020թ. մայիսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 7-րդ կետով և 334-րդ հոդվածի (հանցագործությունը պարտակելը) 1-ին մասով, որը նույն օրը միացվել է վերոնշյալ քրեական գործին:

Կատարված մեծածավալ, անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործությունները կատարած անձանց ինքնությունը, որոնք անմիջապես վերցվել են հսկողության տակ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ 2020թ. մայիսի 27-ին 4 անձ միաժամանակյա բերման է ենթարկվել:

Նույն օրը նրանցից 2-ը ձերբակալվել են՝ 33-ամյա տղամարդու սպանության կասկածանքով, իսկ մյուս 2-ը՝ ենթադրյալ հանցագործությունը պարտակելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: