«Որոշումը կայացրել ենք երեկ Երևանում». Սամվել Բաբայանը նշանակվեց Արցախի ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

ար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ Սամվել Բաբայանի հետ վերջնական հանգրվանի են եկել պաշտոնի նշանակման հարցում:

«Նախկինում շատ է քննարկվել՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելու հետ կապված (պետնախարար, անվտանգության քարտուղար), վերջնական որոշումը կայացրել ենք երեկ Երևանում, հանդիպել ենք: Մինչ այդ Սամվել Բաբայանը երբևէ չի ակնարկել որևէ պաշտոն զբաղեցնելու առումով, միշտ եղել է պատրաստ համագործակցության՝ ծրագրային, համագործակցային, հանուն ապագայի, հանուն ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման: Եվ երեկ ես առաջարկել եմ նրան զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Իհարկե, շատերը կասեն՝ մենք գիտեինք դրա մասին, մենք լսել էինք, այդ խոսակցությունները, որ եղել են քաղաքում, հանրության մեջ. դրանք ընդամենը ենթադրություններ են, բայց շատ ժամանակ ենթադրությունները լինում են նաև տրամաբանական, և, հաշվի առնելով «Միասնական հայրենիք» կուսակցության՝ հանրության կողմից ստացած քվեն՝ ավելի քան 24 տոկոս, 9 պատգամավոր, և համատեղ ստորագրած հուշագիրը, այդ պաշտոնը, որ մենք անվանում ենք, ավելի է համապատասխանում (խմբ.՝ Սամվել Բաբայանին)»,-հայտարարեց Արցախի նախագահը և տեղեկացրեց, որ Անվտանգության խորհրդի գործունեության որակական փոփոխություն է պլանավորում, և որ այդ ոլորտը լինելու է կարևոր օղակներից մեկը:

«Եվ ուզում եմ այդ նույն սկզբունքը հայտարարել, որ որևէ առիթով չի եղել (խմբ.՝ քաղաքական առևտուր, ինչպես ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի նշանակման դեպքում էր հայտարարել),-հավելեց Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահը նաև շնորհակալություն հայտնեց Սամվել Բաբայանին, որ վերջինս համաձայն է ստանձնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը և միասնական ուժերով լուծել Արցախի առջև ծառացած խնդիրները:

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը» երկրորդ քաղաքական ուժն է երկրում, որը ստացել է ժողովրդի կողմից մեծ թվով քվե, և ինքը պարտավոր էր հարգել ժողովրդի որոշումը: