«Լանզարոտեի» խնդրահարույց դրույթների վերաբերյալ մասնագիտական եզրակացությունը պարտադիր է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

հասարակական

Մեր զրուցակիցն է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Նունե Ամիրյանը.

-Ազգային ժողովը վավերացրեց Եվրոպայի խորհրդի «Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու մասին» կոնվենցիան՝ Լանզրոտեի կոնվենցիան, և աղմուկ բարձրացավ, որ սա մեզ ոչ մի լավ բան չի տալու:

- Ցանկացած կոնվենցիա, պայմանագիր և համաձայնագիր, ինչպես նաև անդամակցություն միջազգային կառույցներին, կազմակերպություններին, օբյեկտվորեն կաշկանդում է պետության ինքնիշխանությունը (սա որպես հիշեցում): Այսինքն, պետությունն իր վրա նոր հանձանռություններ է վերցնում և ընդունում իր ինքնիշխանության նկատմամբ այլ կառույցի առաջնահերթությունը: Կոնվենցիայի վավերացումը հերթական անգամ պառակտեց ազգաբնակչությանը: Մի մասը կտրականապես դեմ է, մյուս մասն էլ, տրվելով մոդայիկ դարձած հանդուրժողականությանը, փորձում է իրեն համոզել խիստ ժամանակակից լինելու մեջ և քայլել ժամանակին համընթաց՝ անտեսելով դարերից եկած ընտանեկան, ազգային և մարդկային արժեքները: Գործ ունենք ազգամշակութային շատ նուրբ խնդրի հետ: Կոնվենցիայի 2-րդ հոդվածում ներառված է «սեռական կողմնորոշում» հասկացությունը, ըստ որի, պետությունը պարտավորվում է ապահովել երեխայի կողմից իր սեռական կողմնորոշումը ընտրելու և այդ հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը: Բժիշկ-սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանի կարծիքով, սեռական կողմնորոշումը բազմաբաղադրիչ հասկացություն է, և այդ տարիքի երեխաներին ամենևին պետք չէ ծանրաբեռնել իրենց տարիքին բացարձակապես չհամապատասխանող, անհարկի ինֆորմացիայով:

- Իբրև հիմնական հակափաստարկ է բերվում այն, որ կոնվենցիան կօգնի երեխաներն ապահովագրել սեռական բռնություններից:

- Երեխաներին սեռական բռնությունից ապահովագրելը, իհարկե, բարի միտում ունի: Բայց ցանկացած բարի միտում` սխա՛լ մատուցման դեպքում ու սխա՛լ մարդկանց ձեռքում, կարող է լրջորեն վնասել՝ հետագայում հանգեցնելով այլեւայլ շեղումների: Կոնվենցիան վավերացրած եվրոպական երկրներում չկա վերլուծություն,  թե կոնվենցիայի դրույթները որքան են նպաստել սեռական բռնության իրական նվազմանը:  Փաստացի, չկա մշակված ծրագիր՝ կոնկրետ ո՞ր տարիքում, ի՞նչ հարցերի շուրջ աշակերտները պետք է ստանան գիտելիքներ,  ո՞վ է դասավանդելու և ինչպես:

Դեռևս 2008թ. դպրոցում ներդրված է «Առողջ ապրելակերպ» պարտադիր դասընթացը: Այն նախատեսված է հիմնական դպրոցի 8-9-րդ և ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների համար: Նախատեսված նյութերը երաշխավորվել էին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից և անցել էին մասնագետների և ժամանակի քննությունը: Տարիքը պատահական չէր ընտրված, և անհրաժետ է այն թողնել անփոփոխ: Տարրական կրթության ընթացքում սեռային գիտակցմանը բերող որևէ տեղեկատվություն  առանձին առարկայի, կամ տարբեր առարկաներում ինտեգրված պատկերների, տեքստերի, առաջադրանքների, կամ այլ ուսումնաօժանդակ նյութերի միջոցով անթույլատրելի է։

Մասնագետների հավաստմամբ, սեռահասունության տարիքին չհասած երեխային հոգեբանական տեսակետից հակացուցված է այնպիսի գիտելիքներ տալը, ինչը հակասում է նրա բնականոն զարգացմանը: Սեռական վտանգների մասին ուղղակի կերպով տեղեկատվություն հաղորդելը նույնպես անընդունելի է։ Սեռահասունության տարիքից շուտ տրված տեղեկատվությունը կարող է հակառակ արդյունք տալ:

Երեխաներին անհրաժեշտ է ոչ թե սեռական բռնության կամ սեքսի մասին, այլ իր մարմնի անձեռնմխելիության, օտար մարդկանց հետ շփման սահմանների, ընդհանրապես որևէ բռնությունը  կանխարգելելու մասին տեղեկացվածություն: Համացանցում տեղադրված է տեսանյութ, որում փաստվում է, թե ինչ-որ կանայք բակում խաղացող մանկահասակ երեխաներին բաժանել են «սեռական դաստիարակություն» համարվող «оргазм для вас или вы для оргазма» և մի շարք այլ տեղեկատվություն պարունակող գրքույկներ: Երեխային պետք է բացատրել, որ անծանոթից կոնֆետ, գիրք ու առհասարակ ոչինչ չի կարելի վերցնել, վերջ:

- Այդ կոնվենցիան մի շարք երկրներ վավերացրել են. ի՞նչ խնդիր կա:

- Կոնվենցիան չի պարտադրում որևէ չափորոշչի կիրառումը: Տարբեր երկրներում նրա կիրառումը տարբեր է, հաշվի են առնվել ազգային կրոնական, էթնիկ տարբերությունները առանձնահատկությունները, հաշվի են առնվում նույնիսկ առանձին ընտանիքների առանձնահատկությունները: Պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր երեխա մեծանում է իր ընտանեկան ավանդույթներով, արժեհամակարգով, ունի սոցիալական հասունության իր աստիճանը, փակ ու տաբու թեմաները մատուցելու իր մշակույթը: Այդ պատճառով կարևորում ենք ծնողավարման ինստիտուտի կայացումը, ծնողների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, նման զգայուն թեմաների ուսումնառության ընթացքում նրանց անմիջական  և գրագետ մասնակցությունը:

Մերժելի է օտարերկրյա գաղափարախոսությամբ ձևավորված արժեհամակարգ ներարկելու փորձերը, որոնք իբր թե միտված են «առողջ» հարաբերություններ կառուցելուն:

- Կոնվենցիան վավերացված է: Դա փաստ է: Կա դրա դեմ բողոքող ոչ փոքր զանգված: Դա էլ փաստ է: Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:

- Կրթական չափորոշիչները վաղուց են մշակվում՝ մինչև կոնվենցիայի վավերացումը: Չափորոշիչները դեռ չեն հաստատվել, ինչը նշանակում է, որ կարող են լինել հնարավոր վտանգավոր փոփոխություններ: Պահանջում ենք, որ չափորոշիչները դրվեն հանրային քննարկման, և առավել քան կարևորում ենք մասնագիտական խմբերի և անհատների մասնակցությունն ու առաջարկները: Անհրաժեշտ են երաշխիքներ, որ երեխաները կստանան գիտելիքներ, որոնք կդարձնեն կյանքն անվտանգ և կզարգացնեն կարողություններ: Հետևողական ենք լինելու, որ գործընթացը լինի թափանցիկ, և պատրաստ ենք մասնակցելու քննարկումներին:

- Իսկ ի՞նչ եք պատրաստվում առաջարկել քննարկումների ժամանակ:

- Կողմ ենք միայն այնպիսի բարեփոխման, ինչը կնպաստի ամուր հարաբերությունների և ներդաշնակ կյանքի կայացմանը, սակայն ընդունելի չեն ժամանակակից կրթական ծրագրերի այնպիսի դրույթներ, որոնք ոչ թե կբարձրացնեն երեխաների զգոնությունը, այլ միայն կարթնացնեն անառողջ հետաքրքրասիրություն:

Մեկ անգամ ևս դիմում ենք երեխայի կրթության բոլոր պատասխանատուներին՝ ուսուցիչներին, ծնողներին, հոգեբաններին, իրավագետներին, բժիշկներին, կրթության ոլորտի ղեկավարներին՝ հաշվի առնել կոնվենցիայի խնդրահարույց դրույթների վերաբերյալ մասնագիտական եզրակացությունները և պահանջել օրենսդրական և կրթական փոփոխությունների լայն հանրային քննարկումներ, իսկ կրթության ոլորտի կազմակերպիչներին՝ կարևորել հանրային կարծիքը, կրթական գործընթացի կազմակերպման ընթացքում /չափորոշիչներ , ծրագրեր, դասագրքեր և այլն/, հաշվի առնել ազգային առանձնահատկությունները, ազգային, պետական և ընտանեկան շահը: