Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի խոսքերի վերաբերյալ քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News 

իրավական

Դատախազության որոշմամբ վերացվել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի հասցեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ասածների համար քրեական գործ չհարուցելու որոշումը և հարուցվել է քրգործ: Այդ մասին 24News-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: 

«2020թ.-ի մայիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել Էդգար Մարուքյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված հանցագործության մասին հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Նյութերի և քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը ՀՀ գլխավոր դատախազությունում ստուգելու արդյունքում պարզվել է, որ կատարվածին ամբողջական գնահատական տալու համար անհրաժեշտ է իրականացնել քննչական, դատավարական այլ, օպերատիվ-հետախուզական լրացուցիչ գործողություններ», - նշեց Խաչատրյանը: 

Հաշվի առնելով, որ վերջնական գնահատականներ հնարավոր է տալ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ՝ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իր որոշմամբ վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշումը և հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

Հիշեցնենք, որ Էդգար Մարուքյանը մայիսի 12-ին ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ։

Սոնա Գրիգորյան