ՀԾԿՀ-ն առաջարկում է գազի գինը բարձրացնել 4,5 տոկոսով, 11 տոկոսի փոխարեն

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24 News 

գազ

Հայաստանում բնական գազի սակագների վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջարկներ է ներկայացրել «Գազպրոմ Արմենիա»-ին: 

Ռուսական «Գազպրոմ Արմենիան» այս տարվա ապրիլի 1-ին դիմել էր հանձնաժողովին՝  գազի գինը շուրջ 11 տոկոսով բարձրացնելու հայտով։

ՀԾԿՀ-ից լրատվամիջոցներին հայտնել են, որ հանձնաժողովն առաջարկել է բնակչությանը վաճառվող բնական գազի գինը թողնել նույնը՝ 139 հազար դրամ՝ 1000 խ/մ-ի դիմաց, թեև ռուսական ընկերությունն առաջարկում էր մոտ 3100 դրամով իջեցնել բնակիչների գազի գինը, այդուհանդերձ, սոցիալապես անապահով ընտանիքների համար 30%-ով թանկացում էր առաջարկվում՝ սակագինը 100 հազար դրամից հասցնել 135․9 հազար դրամի։

ՀԾԿՀ-ն գտնում է, որ սոցիալապես անապահով խավի գազը պետք է չթանկանա՝ մնալով գործող 100 հազար դրամը՝ 1000 խ/մ-ի դիմաց։ Եթե շարքային սպառողների համար գազի գնի բարձրացում հանձնաժողովը չի նախատեսում, այդուհանդերձ, որոշակի բարձրացում, ըստ ներկայացված հաշվարկների, կարող է լինել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնողների համար։ Մասնավորապես՝ ջերմոցային տնտեսություններին, պահածոների, խմիչքների, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող գազի գինը հանձնաժողովի հաշվարկներով, հիմնավորված կլինի բարձրացնել 212 դոլարից 224՝ 1000 խ/մ-ի դիմաց, մինչդեռ «Գազպրոմը» առաջարկում էր թանկացնել մինչև 283 դոլար։

Ամսական մինչև 10 000 խ/մ սպառում ունեցող բաժանորդների գազի գինը ևս ՀԾԿՀ-ի հաշվարկներով, պետք է մնա նույնը՝ 139 000 դրամ՝ 1000 խ/մ-ի համար, իսկ ամսական 10 000 խ/մ-ը գերազանցող սպառողների համար գին է առաջարկվում սահմանել 255 դոլար։ Այսպիսով, ՀԾԿՀ-ի հաշվարկները ցույց են տալիս, որ սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը 255 դոլարից կարող է հասցվել 266 դոլար՝ չթանկացնելով բնակիչ բաժանորդների գազը, և 12 դոլարով բարձրացնելով գյուղոլորտի ընկերություններին մատակարարվող գազի գինը։

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում էր սահմանել 283 դոլար՝ 1000 խ/մ-ի համար։ Ավելացնենք, որ հունիսի 4-ին գազի գնի թեմայով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախատեսվում է աշխատանքային քննարկում։