Ստամբուլի քաղաքապետն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

ստամբուլ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից ընտրված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որն օրեր առաջ հարձակման էր ենթարկվել։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ անհայտ անձը վայրագորեն պոկել ու մայթին էր նետել եկեղեցու մուտքի դարպասների վրայի խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահն արձանագրել էին եկեղեցու անվտանգության տեսախցիկները։

Իմամօղլուի հետ եկեղեցի է այցելել նաև Ստամբուլի Սկյուտար շրջանի համայնքապետ Հիլմի Թյուրքմենը։

Ինչպես փոխանցում է թուրքական աղբյուրը, նրանք եկեղեցում դեպքի մասին տեղեկություն են ստացել եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էդվարդ Այվազյանից։

Այվազյանը հայտնել է, որ պոկված խաչի փոխարեն նորն են տեղադրել։

Ստամբուլի քաղաքապետը նշել է, որ ցավում է կատարվածի համար։

«Աղոթեք մեզ համար, աղոթեք մեր առողջության, մեր հաջողությունների և այս քաղաքի գեղեցկության համար։ Ձեր համայնքի բոլոր անդամներին փոխանցեք մեր սերն ու հարգանքը։ Հարձակում, որը կատարվել է սրբավայրի նկատմամբ, ո՛ր կրոնին էլ, որ պատկանի, կատարվել է բոլորիս դեմ»,-ասել է Իմամօղլուն՝ Այվազյանին։