Տարվա 2-րդ կիսամյակը լավագույն ժամանակն է այդ ներդրումներն անելու համար. Բաբկեն Թունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

թունյան

Ազգային ժողովն միաձայն, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին՝ Բաբկեն Թունյանի նախագիծը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է իմքայլական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Այն տնտեսվարողներին հնարավորություն է տալիս մինչեւ այս տարվա վերջ կատարվող ներդրումների համար օգտվել արագացված ամորտիզացիայի հնարավորությունից։

Հարգելի՛ գործարարներ, եթե պլանավորել էիք ներդրումներ անել՝ սարքավորումներ ձեռք բերել, շինություններ ձեռք բերել կամ կառուցել, ապա այս տարվա երկրորդ կիսամյակը լավագույն ժամանակն է այդ ներդրումներն անելու և արագացված ամորտիզացիայի հնարավորությունից օգտվելու համար։

Հարկային օրենսգրքում ավելացված դրույթը.

2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի»,-գրել է Թունյանը: