Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է անցկացրել Արաբկիրի մանկապարտեզներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

մանկապարտեզներ.ստուգայցեր

ՀՀ կրթության տեսչական մարմինը, համագործակցելով այլ տեսչական մարմինների և ոստիկանության հետ, շարունակում է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մանկապարտեզներում: Այսօր տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներում։

Ստուգայցերի ընթացքում  ՀՀ պարետի կողմից հաստատած կանոնների կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։  Թերություններ եղել են երկու մանկապարտեզներում՝ խմբասենյակներում եղել է գորգ և փափուկ խաղալիքներ, որոնց գործածությունը չի թույլատրվում ըստ հաստատված կանոնների։ Տեսչական մարմնի աշխատակիցների միջամտությունից հետո դրանք անմիջապես վերացվել են։ 

Մշտադիտարկում իրականացված գրեթե բոլոր մանկապարտեզներում արձանագրվել է երեխաների հաճախելիության ընդհանուր թվի նվազում: Բացառություն է կազմել միայն մեկ մանկապարտեզ,  որտեղ նախորդ շաբաթվա համեմատ երեխաների թիվն աճել է մոտ երկու անգամ։

ՀՀ կրթության տեսչական մարմնի արձանագրությունները ներկայացվում են պարետատուն։