ԱՄՆ-ը ձգտում է ապահովել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բավարար պաշար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News       

կորոնավիրուս

ԱՄՆ-ի կառավարությունը երկուշաբթի օրը 628 միլիոն դոլարի պայմանագիր է ստորագրել Emergent BioSolutions ընկերութան հետ, որպեսզի մեծացնի կովիդ 19 հիվանդության դեմ հնարավոր պատվաստանյութի արտադրությունը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»

Այսօր, երբ դեղագործական ընկերությունները մեծ մրցակցություն են սկսել պատվաստանյութը ստեղծելու հարցում, ԱՄՆ-ի կառավարությունը մայիս ամսին սկսված «Գերլուսային արագություն» անվանումը ստացած գործողության համաձայն, փորձում է արագացնել պատվաստանյութ ստեղծելու աշխատանքները:

Ինչպես առողջապահության նախարար Ալեքս Ազարն է ասել, պատվաստանյութը ստեղծելու նպատակ ունեցող ընկերությունները, որոնք կհասնեն գործողության վերջնական փուլին, կստանան արտադրության հավելյալ հնարավորություններ, որպեսզի առանց հապաղելու բոլոր ամերիկացիները ենթարկվեն պատվաստման:

Emergent ընկերության հետ պայմանագիրը կնքվել է` հենվելով առողջապահության նախարարության եւ Առաջադեմ կենսաբանական հետազոտություններ հաստատնության միջեւ առկա համապատասխան համաձայնագրի վրա: Մինչ այս պահը հաստատությունը պատվաստանյութի ստեղծման նպատակով ներդրել է ավելի քան 2 միլիարդ դոլար եւ ֆինանսավորում է ավելի քան 30 նախագիծ, այդ թվում ախտորոշումների ու բուժման հետ կապված նախագծեր:

Նախարարությունից հատկացումներ ստացած հաստատություններն են Moderna, Sanofi, Johnson & Johnson եւ AstraZeneca ընկերությունները:

Ի դեպ, մարդկանց շրջանում կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին փորձարկումները սկսել է Նուբար Աֆեյանի ղեկավարած Moderna ընկերությունը: