ԱՄՆ-ի 40 քաղաքներում բողոքի ցույցի և անկարգությունների պատճառով պարետային ժամ է սահմանվել 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

պարետային ժամ. ԱՄՆ

ԱՄՆ-ում շարունակվող բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառով պարետային ժամ կգործի երկրի շուրջ 40 քաղաքներում: Հունիսի 1-ին նման միջոցառում է ձեռնարկվել նաև Նյու Յորքում, հաղորդում է TAСС-ը:

Քաղաքում երկուշաբթի 23:00-ից մինչև երեքշաբթի ժամը 5:00-ն պարետային ժամ սահմանելու մասին հունիսի 1-ին հայտնել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն: Այդ ժամերին հատկապես դժվար է պահպանել հասարակական կարգը:

Փաստաթղթում ասվում է, որ սահմանափակումները մտցվում են, որպեսզի երաշխավորեն քաղաքացիների անվտանգությունն ու գույքի պահպանությունը, ինչպես նաև կանխվի կորոնավիրուսային հիվանդության տարածումը:
 
Նշենք, որ անցյալ շաբաթվանից շարունակվում են բողոքի ցույցերը և անկարգությունները: Դրանք կապված են Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետ, որը մահացել է ոստիկանի կողմից խեղդամահ լինելուց:

Ըստ Associated Press-ի՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ում բողոքի ակցիաների և անկարգությունների ընթացքում ձերբակալվել է մոտավորապես 4,4 հազար մարդ: