Ուկրաինայի Գերագույն Ռադայում պահանջում են Արսեն Ավակովի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News         

Ավակով

Ուկրաինայի Գերագույն ռադայում երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել: Ուրբաթ օրը սպասվում է ներքին գործերի նախարարի զեկույցը պատգամավորների առաջ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

Հունիսի 2-ի նիստում իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Եվգենի Շևչենկոն գործընկերներին կոչ է արել Ավակովին ազատել աշխատանքից:

«Ես առաջարկում եմ՝ այն ամենն ինչ մարդիկ խոսում են իրար մեջ խմբակցություններում, դարձնել հանրային։ Հիմա ամբողջ երկրին հայտարարում եմ, որ «Ժողովրդի ծառա» խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները դժգոհ են Ներքին գործերի նախարարության աշխատանքից: Ես կարծում եմ, որ պետք է ուժ հավաքել, դադարել վախենալ, ճիշտ որոշում ընդունել և Ավակովին ազաստել աշխատանքից»,-ասել է Շևչենկոն:

«Ձայն» խմբակցության պատգամավոր Յարոսլավ Յուրչիշինը փաստաթուղթ է հրապարակել,  համաձայն որի արդեն 40 ստորագրություն է հավաքվել: Ստորագրել են միայն «Ժողովրդի ծառա» և «Ձայն» խմբակցությունների պատգամավորներից ոմանք: Հրաժարականի հարցը քննարկման դնելու համար հարկավոր է առնվազն 150 ստորագրություն: