Առաջին անգամ չէ, որ դատախազությունը իրավական փաստաթղթերի մյուս մասերը պարզապես չի նկատում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

արամ.վարդևանյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 «Առաջին անգամ չէ, որ Դատախազությունը իրավական մեկնաբանությունների մեջ, դուրս է գալիս իրավական հարթությունից: Առաջին անգամ չէ, երբ տեսնում ենք, որ Դատախազությունը իրավական փաստաթղթերի մի մասը իբր «նկատում է», մյուս մասերը պարզապես չի նկատում: Ցանկանում եմ անդրադառնալ միայն այս հարցին, չնայած գործընկերներս արդեն իսկ սպառիչ պատասխան տվել են: Պարզապես սա այն դեպքն է, երբ դատախազությունը ուղղակի չի հասցրել ուսումնասիրել Վարչական դատավարության օրենսգիրքը, ինչը ցավալի է: Իրավական աբսուրդ է, որ հարույրավոր դատախազների տարեկան գործունեության վերաբերյալ հաղորդումը, Ազգային ժողովում վերածվում է Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ հարց ու պատասխանի, բայց ավելի վատ է այն, որ Գլխավոր դատախազը պարզապես իշխանական պատգամավորին միայն չհակադարձելու համար՝ ակնհայտ սխալ տեղեկություն է հայտնում: Հարգելիներս, Վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածը նախապես ուշադիր կարդացեք, դրանից հետո հայտարարություններ արեք, թե ինչ եք բացառում, իսկ ինչ չեք բացառում: Հայցի ապահովման միջոցը բավարարելու դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ…

Հ.Գ. Կորոնավիրուսային վարակի տարածման նման տեմպերի պայմաններում և ցավալիորեն մահվան դեպքերի աճի պայմաններում, երբ ռիսկային խմբում գտնվող, կալանավորման ոչ մի հիմք չունենալու իրավիճակում կալանավորումը ֆետիշացվում է, փաստացի վերածելով պատժի՝ դա իսկապես անմարդկային է: Կարծում եմ պետք է պարզապես ներքին խիզախություն ունենալ, դադարեցնել ապօրինությունները և մաղթել հատկապես ռիսկային խմբում գտնվող անձանց առողջություն»։