Վաղարշապատի համայնքապետարանի չարաշահումներնի մի մասը ուղարկվել է գլխավոր դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News         

․

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ առերևույթ յուրացում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են Վաղարշապատի համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում հայտնաբերված չարաշահումների մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար Վաղարշապատի համայնքապետարանում իրականացրել է համատեղ ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ են տրվել մի շարք չարաշահումներ և խախտումներ։

Մասնավորապես՝ պարզվել է, որ «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության փաստացի ղեկավար, իսկ 2016-2018թթ. նաև գլխավոր տնօրենը, Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանի կողմից հայտարարված դրա ենթակայությամբ գործող թիվ 11 մանկապարտեզի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման շենքի ու գեղարվեստի դպրոցի, թիվ 2 երաժշտական դպրոցի, մշակույթի պալատի և դրա կառույցների վերանորոգման աշխատանքների մրցույթներում իր ղեկավարած ընկերությունով հաղթող ճանաչվելով՝ կնքված թվով 15 պայմանագրերի շրջանակներում նախատեսված վերանորոգման աշխատանքներն ու ծառայություններն ամբողջական և պատշաճ չի մատուցել:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված աշխատանքների իրականացման վերաբերյալ 2015թ․ հունվարից մինչև 2016թ․ հունիս ընկած ժամանակահատվածի համար հաստատված կատարողական ակտերում իրականությանը չհամապատասխանող, խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով, փաստացի կատարված շինարարական աշխատանքների ծավալներից ավել ծավալներ ցույց տալով, միասնական դիտավորությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, խաբեությամբ հափշտակվել է ընդհանուր 13.336․213 ՀՀ դրամ գումար՝ Վաղարշապատ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով նյութական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ վերոնշյալ ԲԲ ընկերության ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն ԲԲ ընկերության ղեկավարը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեկ այլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասով, 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասով քննվող քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ և գտնվում է հետախուզման մեջ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործից «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության ղեկավարի վերաբերյալ մասն անջատել և ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու և վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործին միացնելու, մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու հարցը քննարկելու համար: